Ծաղրել անձին, հատկապես պետության ղեկավարին, ուղղակի անբարոյականություն է

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News       

Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության  նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չեմ կարողանում հասկանալ այդ տեսանյութը տարածելու և դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու իմաստը։

Վերջին 10 տարիներին մասնակցել եմ ավելի քան 100 ուղիղ եթերների, և կարող եմ փաստել, որ ցանկացած ուղիղ եթերից առաջ մշտապես լինում են եթերից դուրս մնացած հետաքրքիր կադրեր։

Տեսանյութը պատրաստողների նպատակը պարզ է և հասկանալի, բայց ոչ մի կերպ չի հասկացվում այն հանրայինացնող և ակտիվորեն տարածող ու քննարկող իշխանության ակտիվիստների վարքագիծը։ Իրենց առաջնորդին պաշտպանելու մղումով նրանք առավել մեծ հանրայինություն հաղորդեցին և ավելացրեցին տեսանյութի նկատմամբ հանրային հետաքրքրությունը։

Կարծում եմ անվիճելի է, որ այդ ցածրորակ տեսանյութի հեղինակների նպատակը ավելի շատ իրագործեցին իշխանության ներկայացուցիչները՝ մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելու իրենց անկրկնելի տաղանդով։

Շատ կարևոր է հասկանալ, որ ներքին քաղաքական գործընթացներին ուշադիր հետևում են նաև Հայաստանից դուրս և իմ պետության ղեկավարը, ինչպիսին էլ որ լինի իմ նրա նկատմամբ վերաբերմունքը, ոչ մի պարագայում չպետք է ծաղրի առարկա դառնա։

Կարելի է և պետք է քննադատել, հաճախ սուր, երբեմն նաև ապակառուցողական և չափազանց արմատական, բայց ծաղրել անձին, հատկապես պետության ղեկավարին, ուղղակի անբարոյականություն է»։