Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

photo_2025-04-09_17-17-14

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Էրիկ Կ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել Է. Կարապետյանին, սակայն վերջինս հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վարորդին օգնության հասած քաղաքացիները նշում էին, որ թե՛ վարորդը, թե՛ ավտոմեքենայում եղած 2 ուղևորները, որոնցից մեկը անչափահաս է եղել, եղել են ամրակապված, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

--00—ՅՄ