Սարալանջի ճանապարհին «BMW»-ն բախվել է «MAN» ավտոբուսին, ապա քարե պատնեշին. պատնեշը փլուզվել է

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

դդ

Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում 20-ամյա Ժիրայր Ասլանյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող 53-ամյա Հմայակ Սիմոնյանի վարած «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա առաջ ընթանալով բախվել է քարե պատնեշին:

Shamshyan-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Պարեկային ծառայությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ «BMW»-ի վարորդի համար մեկ այլ վարորդ վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դիմել է փախուստի:

Այդ տեղեկությունը Պարեկային ծառայությունը ճշտում է և աշխատանքներ է իրականացնում ՝ վթարային իրավիճակ ստեղծած և փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրը հայտնում է, որ ավտոբուսում եղել են 25-ից ավելի ուղևորներ, որոնք նույնպես չեն տուժել:

«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո փլուզված մի ահագին հատաված թափվել է ներքևի ճանապարհին, սակայն քաղաքապետրանից հայտնել են,որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ աշխատանքային օր չէ, իրենց հանգիստն է և վաղը առավոտյան նոր խումբը կմոտենա, որպեսզի ճանապարհը մաքրի և ճանապարհից հեռացնեն մի քանի տոննա կշռող բետոնը:

--00—ՍՊ