Մարդիկ հազվադեպ են նպատակին ծառայեցնում իրենց ունեցած ազատությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20 , 24News

մա.

Իսահակ վարդապետ Պողոսյանը գրում է.

«Քանի որ մենք ճշմարտության դեմ ոչինչ անել չենք կարող, այլ  միայն՝ ճշմարտութեան համար»(Բ Կորնթ. 13. 8):

Թերևս պիտի ուզենայի դրվատական խոսքով հանդես գալ Հանրային Հեռուստատեսության լրագրող Պրն. Պետրոս Ղազարյանի հասցեին: Անկեղծորեն պիտի ուզենայի, որ վերջինս էլ, և ինչու ոչ, ուրշներ էլ գնահատվեին իրենց բազմածալ ու հանրաշահ գործունեության համար: Վերջին հաշվով Պրն. Ղազարյանն արդեն տևական ժամանակ է, որ «զբաղեցնում» է հանրության լայն զանգվածներին իրեն բնորոշ  ինքնագոհությամբ ու ընդգծված անհատականությամբ, ոչինչ որ առաջնորդվելով՝ «իսկական լրագրողը նա է, ում շատերն հակակրում են» սկզբունքով:

Տևական ժամանակ է արդեն, որ «կարճ ճանապարհը նախընտրող» Պրն. Ղազարյանին լսելիս, տպավորությունն ունեմ, թե կամ՝ օտարոտի ինչ-որ միջավայրում եմ, կամ՝ վերարթնացող կոմունիզմի շրջադարձային հանգրվաններում, որտեղ հերոսներն ու դավաճանները համաժամանակ ու հավասարապես անհամակրելի են, մեծերը՝ մերժված, իսկ ինչ որ նվիրական է՝ կասկածելի կամ պարսավելի: Երբեմն անպարկեշտ, հաճախ նաև գռեհիկ ու փողոցային վարքուբարք հիշեցնող ու ռուսաբանություններով առլեցուն գրեթե ամեն խոսք ու զրույց, որը մեկնաբանվում ու մատուցվում է իբրև անկեղծություն կամ ուղղախոսություն, մեկ է, հանգում է միակողմանի գնահատականի. այդուհանդերձ, անթաքուցանելի են «գաղթականին ներհատուկ»՝ շարունակ թևածող ծայրահեղություններն ու բարդույթները: Որոշ փոքրիկ վերապահումներով, այսկերպ է նաև Եկեղեցու և եկեղեցականի պարագայում: Ինձ անկեղծորեն մտահոգում է՝  ինչու՞. դիտավորությամբ պայմանավորված լինի, տարրակարծությամբ, թե վատ ու անբավարար փորձառությամբ…  Ինչու՞ է և ինչպե՞ս է, որ Եկեղեցու ճանաչումը ևս Պրն. Ղազարյանի մոտ միակողմանի բնույթ ունի…

Արձագանքիս առիթը, սակայն, բոլորովին վերջերս Պրն. Ղազարյանի «հերթական» անդրադարձն է առ այն, որ «…Եկեղեցին երբ օբյեկտիվությունից ու հավասարությունից է խոսում, թող հիշի, որ նախընտրական արշավի ժամանակ մի ուժի կանչում, օրհնում ու հետները համագործակցում էր, չգիտեի՞ն, որ Եկեղեցին բոլոր ուժերի նկատմամբ պետք է հավասար լինի, երբ դա պահանջում են մեզանից, պետք է իրենցից սկսեն… Պլանավորված էր, որ այդ օրը իրենք պետք է հյուր գային, բայց Իրանի հարվածները եղան, մենք անդրադարձանք այդ հանգամանքին։ Իրենք հարյուր անգամ եղել են մեր եթերում…»(մեջբերումը բառացի է)։

Ինձ համար որքան անընդունելի, նույնքան էլ անհասկանալի է հարգարժան լրագրողի դիտարկումը: Եթե մի բան նախատեսված կամ սահմանված է, այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի նախորդ մեջբերումը: Քանի որ բերյալ պարզաբանումների մեջ տրամաբանական հակասություն է առկա: Եթե անգամ միայն նախորդ մտքին անդրադառնալու լինենք, կրկին անհասկանալի է, թե ո՞րն է ասվածի նպատակակետը. այն, որ Եկեղեցին իշխանությունների հե՞տ է համագործակցել: Այսինքն՝ չհամագործակցե՞ր: Այդ դեպքում ու՞մ հետ համագործակցեր. օտա՞ր իշխանությունների, ընդդիմախոսների՞ՙ, թե՞ հակառակախոսների: Ու՞մ… Այնուհանդերձ միտքը բազմանշանակ է և ենթաիմաստ ունի: Գուցե հարգարժան լրագրողն ակնարկում է, որ անհրաժեշտություն կա ներկա իշխանության հե՞տ էլ համագործակցել կամ մեկ ա՞յլ բան: Բայց այստեղ էլ խնդիր կա. չէ՞ որ վաղը ևեթ կրկին նույն մեղադրանքը կարող է հնչեցվել մեկ ուրիշի բերանով, թեև որքանով տեղյակ եմ, անկախ ամեն տեսակ տարրակարծություններից ու ցավ ի սիրտ՝ չարախոսություններից, Եկեղեցին բոլորի առաջ էլ բաց է ի շահ հանուրի բարօրության և ի շինություն բարի գործերի: Ո՞վ է փնտրել Եկեղեցու օրհնությունն ու բարյացկամությունը և չի գտել (իսկ գուցե չի փնտրել): «Ո՞վ է, որ բան գիտի մարդու մասին, եթե ոչ՝ մարդու հոգին, որ նրա մեջ է»,- ասում է առաքյալը: Առ ի տեղեկություն՝ Եկեղեցին մշտապես հանձնառու է, և՛ գործադրելու իր առաքելությունը (Մայր Եկեղեցի), և՛ վավերացնելու իր հավատացյալների կոչումը (ուխտ Եկեղեցւոյ): Այնուամենայնիվ այստեղ էլ խնդիր կա. Պրն Ղազարյանի ելակետով պայմանավորված, ստացվում է այսպես՝ քանի որ Եկեղեցին «նախկինների»՝ ասել է թե նախորդ իշխանությունների հետ էր համագործակցում, ես էլ ինձ իրավունք եմ վերապահում չհամագործակցել կամ իմ նախընտրած կերպով վարվել: Ուրիշ խոսքով՝ մեղադրանքն ու պարսավանքն ինձնից, մնացյալը կամ արդարանալը՝ ձեզնից: «Մեր գլխով անցածից Աստված է շվարել…»,- կասեր հայտնի պատմավեպի հերոսը:

«Եվ շատ ավելի վատթար է ցավը,

Քան անարգանքն ու անպատվությունը,

Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,

Լսո՞ւմ եք, տղե՛րք…» (Պ. Սևակ):

Ասելիքս, ընթերցողին էլ, Պրն Ղազարյանին էլ, ավելի ակնառու և հասու դարձնելու նպատակին ընդառաջ, խորհուրդ կտայի (ե՛թե իհարկե կընկալվեմ) մեկ անգամ ևս ծանոթանալ 726թ. Մանազկերտի ու 356թ. Աշտիշատի ժողովների օրակարգերին, իսկ ծայրահեղ դեպքում՝ բացել Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան»-ը, զորօրինակ՝ «Էջմիածնի դաշտերում» ենթավերնագրի ներքո ծրարված փոքրածավալ պատմությունը: Չեք զղջա (առանց հեգնանքի եմ ասում), որտեղ այլ «գրերից» զատ, այսպիսի տողեր կան «Ամեն գլխարկ դնողը տղամարդ չէ, պարոն…Ծուռ ակոսը մեծ եզնեն է…» և վերջապես «Սուրբ Գայանեի վանքի ետևից նայում էր սրբացած, սգավոր Մասիսը»:

Դրա համար էլ ասում եմ, որ «մարդիկ հազվադեպ են նպատակին ծառայեցնում իրենց ունեցած ազատությունը», իսկ Մեր մաքառումը «ճշմարտության դեմ չէ, այլ  միայն՝ համար»:

--00—ԼՀ