Բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

բր

Հռոմը հուսով է, որ Բրյուսելի և Երևանի միջև կհաջողվի գործընկերության նոր օրակարգ սահմանել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլին՝ պատասխանելով երկրի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Լեգա» կուսակցությունը ներկայացնող Պաոլո Ֆորմենտինիի հարցին:

Ապրիլի 11-ի նիստում Պաոլո Ֆորմենտինին հետաքրքրվել է, թե ներկայիս իրողություններում իտալական կառավարությունը ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել՝ խրախուսելու Հայաստանի հետագա մերձեցումը Եվրատլանտյան Արևմուտքի հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իտալիան կարևոր ազգային շահեր (մասնավորապես, էներգետիկ և առևտրային բնույթի) ունի Հարավային Կովկասում:

Հարցին ի պատասխան՝  Ջորջո Սիլլին նշել է. «Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ դինամիկա են ապրում։ Մենք բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, և կարևոր է խրախուսել Երևանի առաջխաղացումը այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները: Գործող համագործակցության գործիքները՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Արևելյան գործընկերության տարածաշրջանային մեխանիզմը, ապահովում են այն ինստիտուցիոնալ շրջանակը, որտեղ կարելի է խորացնել երկխոսությունը և համագործակցությունը: Իտալիան հույս ունի, որ մենք կարող ենք հասնել Բրյուսելի և Երևանի միջև գործընկերության նոր օրակարգի սահմանմանը։ Դա կնպաստեր ռուսական խնամակալությունից Երևանի ամբողջական էմանսիպացիային»։

Իտալացի փոխնախարարն արձանագրել է նաև. «Եվրոպական միության Քաղաքական և անվտանգության խորհուրդը մարտի 26-ին քննարկեց Հայաստանի օգտին աջակցության մի միջոցառում՝ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում։ Արդյունքում ձևավորվեց բարենպաստ դիրքորոշում։ Միջոցառումը ենթադրում է ոչ մահաբեր, ոչ հարձակողական տեխնիկայի մատակարարում, և որը նախագծված չէ Ադրբեջանի հետ առճակատման գծի մոտ հայ զինվորների տեղակայմանն աջակցելու համար։ Իտալիան նաև աշխատում է եվրոպացի գործընկերների հետ՝ Ադրբեջանին նման աջակցության համար, օրինակ՝ ականազերծման ոլորտում»:

Ջորջո Սիլլին նշել է նաև, որ Իտալիան վճռականորեն աջակցում է Եվրամիության և մասնավորապես՝ նախագահ Միշելի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում, ինչն, ըստ նրա, նախապայման է կովկասյան տարածաշրջանի խաղաղության, կայունության, անվտանգության և բարգավաճման ապագայի և Եվրոպայի հետ մերձենալու հեռանկարների համար:

Իտալիայի փոխարտգործնախարարը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը պաշտոնական հարաբերություններ է հաստատել 1992 թվականից։ «Քաղաքական երկխոսության տեսանկյունից այդ հարաբերությունները հաշվի են առել Մոսկվայի հետ Հայաստանի մերձավորության հետ կապված դժվարությունները, հատկապես Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո։ Այնուամենայնիվ, համագործակցությունը երբեք չի դադարել։ Այն բանից հետո, երբ Հայաստանը սառեցրեց մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, կարող է նոր փուլ բացվել։

Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն անցած մարտին մեկնել էր Երևան՝ հանդիպելով նաև նախագահ Խաչատուրյանի և վարչապետ Փաշինյանի հետ։ Ստոլտենբերգը խրախուսել է Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին (Բաքու կատարած այցի ընթացքում), համաձայնության գալ, որը թույլ կտա կարգավորել հարաբերությունները՝ ընդգծելով, որ հարցը մեծ նշանակություն ունի եվրատլանտյան տարածքում անվտանգության համար»,- ասել է նա։

Ավարտելով իր խոսքը՝ Ջորջո Սիլլին անդրադարձել է Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերություններին: «Մենք ցանկանում ենք ամրապնդել համագործակցությունը Երևանի հետ տարբեր ոլորտներում։ Տնտեսականում, օրինակ, պետք է շեշտավորել ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճը, որը մենք ցանկանում ենք ավելի ամրապնդել։ Իտալիան հատուկ ուշադրություն է դարձրել Լեռնային Ղարաբաղից փախստականների՝ Հայաստան տեղափոխման հետևանքով առաջացած հումանիտար արտակարգ իրավիճակին»,- հայտարարել է նա:

 --00—ԼՀ