ՆԳՆ Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

վղ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

2023 թվականը մարտահրավերների տարի էր։ Այս տարում ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը՝ անցնելով կառուցվածքային և բովանդակային մեծամասշտաբ փոփոխություններով։ Ամբողջովին նոր նախարարության ձևավորումն ուղեկցվել է ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմամբ, ՆԳՆ ենթակա երեք ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային փոփոխություններով, վերջիններիս կողմից ուժեղացված և գերլարված ծառայություն իրականացնելով։ Չնայած դրան՝ մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել։

Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կադրային համալրման աշխատանքներն արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ համակարգը համալրվել է նաև երիտասարդ ու պատրաստված կադրերով, որոնք, միավորելով իրենց ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ, կարողանում են որակական նոր նշաձող սահմանել հատկապես բարեփոխումների մեր հավակնոտ օրակարգի իրականացման ճանապարհին։

Շարունակվել է ՆԳՆ ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական կենսագործումը։ Թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության, թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դեպքում արդեն իսկ իրականացված և պլանավորված քայլերը միտված են հանրային վստահության ամրապնդմանը, հանրային անվտանգության երաշխավորմանն ու մեր քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։

Փոփոխությունների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրության վստահության մակարդակը, ինչը չափազանց պարտավորեցնող և, միևնույն ժամանակ, ոգևորիչ է։ Անժխտելի դրական փոփոխությունների հետ մեկտեղ՝ մենք իհարկե գույքագրում ենք տարբեր խնդիրներ, քանի որ որևէ փոփոխություն հեշտ չի տրվում, բայց այդ խնդիրների հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում է։

Վստահ եմ, որ հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ կշարունակենք կատարել Հայաստանի կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը:

Այդ վստահությամբ ու լավագույնի հավատով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ տոկունություն, հանուն հայրենիքի նահատակված սիրելիների թանկ երազանքները կենսագործելու կամք ու կորով:

Թող 2024 թվականը լինի խաղաղության հաստատման, կայուն զարգացման, նորանոր վերելքների տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՀ ներքին գործերի նախարար

--00--ԼՀ