Երուսաղեմի հայերը գիշերում են «Կովերի պարտեզի» տարածքում՝ այն պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Տևական ժամանակ է, ինչ Երուսաղեմում վտանգի տակ է հայ համայնքին պատկանող «Կովերի պարտեզ» տեղանքի ճակատագիրը։ Այս թեմայի վերաբերյալ 24News-ը կապ է հաստատել Երուսաղեմում Հայոց պատրիարքարան, որի դիվանապետ Աղան Գոգչեանն ասաց․ «Մենք այս պահին որևէ հայտարարություն չենք անում այս հարցի շուրջ, պիտի խնդրեմ, որ բավարարվեք իմ ֆեյսբուքյան էջի հայտարարություններով, մինչև որ արդեն ժամանակը կգա և հարցազրույցներ կտամ»։  

Դիվանապետը, սակայն չմանրամասնեց, թե ինչով է պայմանավորված այդ լռությունը․ «Երբ, որ ժամանակը գա, կբացատրեմ»։

24News-ը կապ հաստատեց նաև Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ջերնազյանի հետ, վերջինս ներկայացրեց այս պահին տիրող իրավիճակն ու արդեն տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ։

«Կոնկրետ այս պահին իրադրությունը կայուն է, բայց տակավին լարված է։ Վերջին օրերին նոր դեպքեր տեղի չեն ունեցել։ Վերջինը՝ հինգշաբթի օրն էր, ու մինչ այս պահը ոչինչ տեղի չի ունեցել, որովհետև մենք կարողացանք, թե՛ միջազգային, թե՛ տեղական մամուլի միջոցով ճնշումներ գործադրել և զսպել իրադրությունը։ Բայց հետագայում նորից գործողությունների սպասում ենք, այդ իսկ պատճառով մենք 24/7 ռեժիմով տարածքում ենք, թեև եղանակային պայմաններն էլ անբարենպաստ են, բայց դա մեզ չի խանգարում»,- ներկայացրեց Հակոբ Ջերնազյանը։ 

Համայնքի ներկայացուցչի խոսքով, հինգշաբթի տեղի ունեցածը, նախորդ օրվա եղածի շարունակությունն էր․ «Ամեն բան սկսվել էր չորեքշաբթի երեկոյան, երբ ոստիկանությունը և ընկերության ներկայացուցիչները ժամանել էին ու պահանջում էին, որպեսզի հողատարածքը լքեինք։ Մենք մերժեցինք, և իրենք սպառնացին, որ ուժ կկիրառեն մեր դեմ, բայց 200-300 հոգի չէր կարող պատրիարքի և հոգևորականության դեմ ուժ կիրառել։ Իսկ հաջորդ օրը՝ հինգշաբթի առավոտյան կրկին ժամանեցին ու նույն պահանջը ներկայացրին, բայց մենք դիմադրեցինք ու ոչ ոք հողատարածքը չլքեց»,- մանրամասնեց Ջերնազյանը։  

Չորեքշաբթի գիշերը Իսրայելի ոստիկանների կողմից արդեն իսկ 4 հայ ձերբակալվել էին․ «Չնայած հինգշաբթի առավոտյան արդեն իսկ ազատ էին արձակվել, բայց իրենց ասվել է, որ 15 օր հեռու պետք է մնան հողատարածքից։ Մեր երիտասարդներն անշուշտ օրենքը կպահեն և 15 օր չեն մոտենա, որովհետև, եթե մոտենան վստահ եմ՝ ոստիկանությունն ավելի կոշտ միջոցների կդիմի»,- ասաց հայ համայնքի ներկայացուցիչը, հույս հայտնելով, որ խաղաղ կմնա ամեն բան և չի շարունակվի ոստիկանության հետ լարվածությունը։ 

Երուսաղեմում Հայոց Պատրիարքարանն ու հայ համայնքն այս հարցի վերաբերյալ միասնաբար են հանդես գալիս, փորձելով հասնել նրան, որ «Xana Gardens Ltd» ընկերության հետ կնքված պայմանագիրն ամբողջությամբ չեղարկվի։

Պատիրարքարանը կատարվածի առիթով դատական պրոցեսներ է նախաձեռնել։

Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչը մանրամասներ հայտնեց, թե ինչպես է ստացվել, որ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է պայմանագիր «Xana Gardens Ltd» ընկերության հետ, որն իրենից ենթադրում է «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցել գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար։

«Իմ տեղեկությունը հետևյալն է, որ Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երեցյանը ինքն էր ծրագրողը, փաստաբանների հետ պայմանագիր համաձայնեցնողը։ Ինքը շատ լավ գիտեր, թե պայմանագրի մեջ ինչ է ներառված, և դժբախտաբար խաբել է և՛ պատրիարքին, և՛ միաբանության անդամներին, ասելով, որ շատ լավ պայմանագիր է՝ ի նպաստ պատրիարքության է և ոչ մի տարածքային ամբողջականություն չի խախտվելու։ Բայց, ընդհակառակը, պարզվեց, որ այդ պայմանագիրը ոչ միայն նյութական բարիք չի բերում և խախտում է տարածքային ամբողջականությունը, նաև վտանգի տակ պետք է դնի հայոց ներկայացուցչությունը Երուսաղեմի մեջ։ Արքեպիսկոպոսը ամբողջովին չի տիրապետել, թե ինչի տակ է ստորագրել»,- պատմեց Ջերնազյանը։ 

Նշենք, որ սույն թվականի մայիսի 6-ին, Տնօրենների խորհրդի որոշմամբ Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երեցյանը կարգալույծ արվեց։ Որպես հիմք է հանդիսացել Երեցյանի՝ Ս․ Աթոռի կարգ ու կանոնի հանդեպ դրսևորած անհավատարիմ ընթացքը և հատկապես «Կովերի պարտեզ» կալվածքի համաձայնագրի վերաբերյալ նրա կատարած մի շարք խարդախություններն ու խաբեությունները։

24News-ը կապ հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ, որտեղից խոստացան պատասխանել թեմայի վերաբերյալ մեր հարցին։ Պատասխանը ստանալու դեպքում այն ևս կներկայացնենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մանուկյան

 

--00—ՅՄ