Հայաստանը ՄՔԴ-ի լիիրավ անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ից․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

273763

Երևանը պաշտոնապես ներկայացրել է Հռոմի ստատուտի վավերացումը հաստատող փաստաթղթերը և 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ։ Այս մասին ասված է ՄՔԴ տարածած հաղորդագրության մեջ։

«Հայաստանը կդառնա 124-րդ մասնակից-պետությունը և 19-րդ երկիրը Արևելյան Եվրոպայի խմբից»,- նշել են դատարանում։

Բացի այդ, ՄՔԴ-ն տեղեկացրել է, որ հայկական կողմը փոխանցել է փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ «Հայաստանը հետադարձ ժամկետով ընդունում է դատարանի իրավասությունը 2021 թվականի մայիսի 10-ից»։

Ավելի վաղ Մոսկվայում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը որակել էին ոչ բարեկամական քայլ։ Ինչպես նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՄՔԴ-ն, որը որոշ ժամանակ առաջ ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների համար, արդարադատության հետ կապ չունի, դա քաղաքականացված կառույց է, որը կատարում է Արևմուտքին «տհաճ» գործիչների նկատմամբ քրեական հետապնդումը։ Միևնույն ժամանակ, Գալուզինն ընդգծել է, որ այդ հրամանները «իրավականորեն անվավեր են»։

Իր հերթին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը։ Նա նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացման հարցը ոչ մի կերպ ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ և սկսվել է նախքան ՄՔԴ-ի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերը։ Նրա խոսքով, Հռոմի ստատուտը հնարավորություն է ընձեռում երկկողմանի հիմունքներով կարգավորել հարաբերությունները առանձին երկրների հետ։

--00—ՅՄ