Սպանված, հաշմանդամ դարձած, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները դրամական օգնություն կստանան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

349468138_788341729675305_1868716134148725587_n

2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախում ունեցել ենք քաղաքացիական զոհեր, հաշմանդամության հանգեցրած վիրավորումների, քաղաքացիական անձանց անհետ կորելու դեպքեր, որոնց հետևանքով այդ անձանց ընտանիքները՝ կանայք,  անչափահաս երեխաները, ծնողները հայտնվել են ծանր կացության մեջ, կորցրել են իրենց կերակրողներին, նվազել է վիրավորում ստացած անձանց աշխատունակության մակարդակը, մինչդեռ նրանք որևէ աջակցություն չեն ստանում, գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Երեկ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի, ֆինանսների և էկոնոմիկայի ու արդարադատության նախարարների մասնակցությամբ քննարկվել ու ավարտին է հասցվել քաղաքացիական զոհերի, հաշմանդամների ու անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին դրամական օգնություն ցուցաբերելու մասին կառավարության որոշման նախագիծը: Առաջիկա օրերին այն կընդունվի և գործողության մեջ կդրվի:

 Խնդիրը, որը փորձ է արվում կարգավորել կառավարության վերոհիշյալ ծրագրով, օրակարգային էր տևական ժամանակ, ուստի կարևոր է, որ կառավարությունը ի վերջո այս քայլով կկարողանա մեղմել վերը նշված սոցիալական խմբի հոգսերը և սոցիալական այն խնդիրները, որոնք առավել սուր տեսք են ստացել հատկապես Արցախի շրջափակման պայմաններում»։

--00—ՅՄ