Հայաստանում մեկնարկեց Doing Digital ֆորումը, ներկայացվեց թվային աշխարհի փոխակերպման լավագույն փորձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Երևանում անցկացվեց Doing Digital առաջին ֆորումը, որի հիմնադիր կազմակերպիչը SPRING PR-ն է, իսկ համակազմակերպիչը` Ամերիաբանկը: Ֆորումի նպատակն է՝ ներկայացնել թվային փոխակերպման համաշխարհային միտումներն ու ոլորտի վերջին նորությունները:

Ամերիաբանկի տաղանդների ու ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը նշում է, որ առկա է մարդկային հզոր կապիտալ, ինչն ամուր հենք է, որպեսզի Հայաստանը դառնա տեխնոլոգիաների և նորարարությունների տարածաշրջանային նոր հանգրվան. «Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի թվային փոխակերպման առաջամարտիկ` վերջին 5-6 տարիներին մենք կրկին բացահայտել ենք ինքներս մեզ՝ ստեղծելով ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր: Մեր ԻՆՉՈՒ-ն, մեր մեծ երազանքը, մեր առաքելությունն է բարելավել կյանքի որակը և Հայաստանը դարձնել բիզնես և ներդրումային օրինակելի միջավայր»:

Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն էլ հավելում է, որ Ամերիաբանկն արդեն իսկ թվային փոխակերպման մի քանի փուլ է անցել. «Ֆինանսական ծառայությունները բանկային ծառայությունների մի մասն են, մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր հաճախորդների ամբողջ փորձառությունը փոխակերպենք` առաջարկելով նաև ոչ բանկային ծառայություններ»:

Ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիները համոզված է, որ չափազաց կարևոր է տեսնել, թե ինչպես է աշխարհը փոխակերպվում ու թվայանացվում, և նորարարությունները բերել Հայաստան: Չներգրավվելով թվայնացման ու փոխակերպման մեջ՝ կկորցնենք տնտեսության մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրներից հետ կմնանք, այս առումով Կառավարությունը մեծ գործ ունի անելու:

«Որոշ ոլորտներ արդեն անցել են թվային փոխակերպման ճանապարհով, օրինակ՝ մանրածախ առևտրի ոլորտը, Ամազոնն առաջամարտիկներից մեկն է: Տրանսպորտի ոլորտում ևս թվային փոխակերպումները տեղի են ունենում՝ ավիաուղները, գնացքները, ինքնավար մեքենաները: Ոլորտներից միայն առողջապահական ոլորտն է, որ հետ է մնում, խոսքը ոչ թե մասնավոր, այլ հանրային պետական առողջապահական հաստատությունների մասն է»,-ընդգծեց նա:

«Բացահայտելով թվային ապագան» խորագրով Ֆորումին ներկա էին նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Փոխվարչապետը նկատեց, որ վերջին տարիներին Հայաստանում տեխնոլոգիական խորագրով անցկացվող միջազգային միջոցառումների ինտենսիվացումը ցուցիչ է այն բանի, որ Հայաստանի տնտեսական ու հանրային կյանքում թվային փոխակերպումը գերակայող օրակարգ է դարձել:

Մանրամասները տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ