Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնում առաջադրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

MyCollages

Առաջարկել եմ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետական նախարարի պարտականությունները: Ուրախ եմ, որ նա պատրաստ է այս ծանր իրավիճակում վերցնել այդ դժվար պատասխանատվությունը: Վերջնական որոշման մասին առաջիկայում նա հայտարարություն կտարածի: Այս մասին ԱՀ կառավարության նիստին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ընտրել եմ պարոն Ներսիսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: Աշխատանքի բնույթով  պայմանավորված՝ պարոն Ներսիսյանի կողմից ի նպաստ Արցախի կատարված բազմաթիվ աշխատանքներ չեն բարձրաձայնվում, դրանց մասին տեղեկացված են շատ սահմանափակ մարդիկ, համոզված եմ, մի օր հանրությունը նույնպես այդ ամենի մասին կտեղեկանա և կիրազեկվի, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել դատախազության կողմից վերջին երկու տարում՝ Գուրգեն Ներսիսյանի ղեկավարությամբ»,-ասել է նա:

Հարությունյանի խոսքերով, նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային կառույցների և արտաքին գործերի նախարարության․ «Ինչպես պարոն Վարդանյանի պարագայում, պարոն Ներսիսյանը նույնպես իմ կողմից ստանալու է լայն լիազորություններ և ազատություն իր համակարգման ոլորտում որոշումների կայացման համար, այդ թվում՝ կադրային հարցերում: Բնականաբար, ինչպես առ այսօր, կարևոր որոշումները կայացվելու են Անվտանգության խորհրդի և կառավարության կազմերով կոլեգիալ քննարկումների արդյունքում՝ հնարավորինս ապահովելով նաև հանրության ներառական մասնակցությունն այդ գործընթացում»,-ասել է նա:

--00—ՅՄ