Գազի և բենզինի սղության պայմաններում ձեռնարկվելիք քայլերի մասին․Վարդանյանը հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

photo_2022-12-14_13-21-45

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման, ինչպես նաև դեպի Արցախ գազամատակարարումն արգելափակվելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Պետնախարարին զեկուցվել է հանրապետությունում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը: Քննարկվել են գազի, դիզելային վառելիքի և բենզինի սղության պայմաններում ձեռնարկվելիք քայլերը:

Կարևորվել է առկա ռեսուրսների առավելագույնս խնայողաբար օգտագործումը:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հրատապ կարգով մշակել և հստակ սահմանել առաջնահերթ կարևորություն ունեցող ծառայություններին՝ շտապ օգնությանը, հանրային տրանսպորտին, հատուկ ծառայություններին վառելիքի տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը:

Քննարկված մյուս հարցը վերաբերել է գազ սպառող հացի արտադրամասերի, ինչպես նաև բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպմանը:

Պետնախարարը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է լուծումներ առաջարկել վառելիքի այլընտրանքային միջոցներով դրանց ապահովման վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ճանապարհի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիների կեցության և սննդի ապահովման հետ կապված հարցերին, նրանց խնդիրների հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել։

--00—ՅՄ