«Հայաստան» հիմնադրամի՝ Արցախին նվիրաբերած 100 տոննա պարենը Գորիսում է․ այն կհասնի ԱՀ, հենց թույլ տան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

image_750x_5f990c9ef32ef.jpg

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ: Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ: Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում՝ այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:

Նշված իրավիճակում անթույլատրելի ենք համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը բացահայտ մոլորեցնելու նպատակ են հետապնդում:

--00—ԶՀ