Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը բանի տեղ չի դրել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը. Ոսկան Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2025թ. մարտի 6-ի թիվ 229-Ա որոշմամբ 2025թ․ ապրիլի 7-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հատուկ պահպանվող տարածքների հողերից 1530․3քմ հողամաս /Լոտ-5 (ՔՀ-25)/, Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոց, թիվ 28 հասցեում հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 10712100 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 10712100 դրամ առավելագույն գնով հաղթել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճղ․ 147/3 շենք, թիվ 13 բնակարանի բնակիչ Արման Համբարձումյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 5 արձանագրությունը, գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանը ապրիլի 8-ին որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 5 արձանագրությունը և 1530․3քմ մակերեսով հողամասը հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել Վանաձոր քաղաքի բնակիչ Արման Համբարձումյանին:
Հատուկ պահպանվող տարածքներից 1530․3քմ մակերեսով հողամասը Վանաձորի բնակչին աճուրդով օտարվել է մեկնարկային գնով՝ 10 միլիոն 712 հազար 100 դրամով, դա ինչպե՞ս է լինում։ Այդ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցում է 10 միլիոն դրամը։
Մարտի 13-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց․ «Ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում, և մենք դրանից նույնիսկ տեղյակ չենք լինում: Պետք է շատ հրատապ որոշումներ կայացնել»։ Ն․ Փաշինյանը հայտարարեց՝ ՊՎԾ-ի, ԱԱԾ-ի և այլ մարմինների միջոցով պետք է վերահսկվեն և արգելվեն ձևական աճուրդները, ապա հանձնարարեց. «Որտեղ ծիծաղելի գներով հողեր են դրված վաճառքի, ուղղակի կանգնեցրեք:
Հիմա հրապարակային ասում եմ: Եթե չկանգնեցնեն համայնքները, մենք կոնկրետ, չգիտեմ՝ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տեսնենք՝ ի՞նչ է կատարվում: Այս հարցը շատ հրատապ է: ՏԿԵՆ-ի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում 1 ամսվա ընթացքում տան առաջարկ,- ասաց Փաշինյանը և դիմեց մարզպետներին՝ գնացեք, բոլոր տեղերում հիմա ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատ-հատ նայեք և կասեցրեք, մինչև նախնական այս հարցով գանք որոշակի եզրակացությունների»:
Դիլիջանի «արու», ՔՊ-ական համայնքապետը փաստորեն բանի տեղ չի դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը»։
–00—ՅՄ