Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են․ շատ մարդիկ և բիզնեսներ ՌԴ-ից տեղափոխվել են ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

նկար

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նաև պատերազմի տնտեսական հետևանքներին։ 

Թեմային առնչվող հատվածը՝ ստորև․

Հարց - «Ալ Ջազիրա» - Քանի որ անդրադարձաք Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին և ձեզ կապող դաշինքներին, ի՞նչ դիրքորոշում ունեք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, մենք շատ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց կարծում եմ, աշխարհի բոլոր երկրներն են անհանգստացած, որովհետև ի՞նչ ենք տեսնում հիմա։ Մենք տեսնում ենք աշխարհակարգի փլուզում, և ոչ մեկ չգիտի ինչպիսին կլինի հաջորդ աշխարհակարգը, և իհարկե, մենք աջակցում ենք բոլոր խնդիրների` երկխոսության ու խաղաղ ճանապարհով լուծմանը։

Հարց - «Ալ Ջազիրա» - Այո, Դուք ասում եք, որ բոլոր երկրները ուշի ուշով հետևում են, բայց Ձեր երկրի համար մի փոքր այլ է: Ձեր տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, ի՞նչ ազդեցություն դա կունենա, մանավանդ, որ վերջինս ենթարկվում է Արևմտյան խիստ պատժամիջոցների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, իրավիճակը հաճելի չէ մեզ համար տնտեսական առումով։ Բայց եթե անկեղծ լինեմ, առաջին եռամսյակում մենք արձանագրել ենք 8.6% տնտեսական աճ, և հույս ունենք կկարողանանք պահպանել այս դինամիկան։ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հետո շատ մարդիկ և բիզնեսներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան, քանի որ մենք չեզոք տնտեսական գոտի ունենք, և թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Այս իրավիճակում մենք հույս ունենք, և կարծում եմ, ի վիճակի կլինենք կառավարել տնտեսական այս իրավիճակը։ Բայց իհարկե, ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված օրինակ սննդի մատակարարման, գնաճի և շատ այլ գործոնների հետ։ Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են։

Հարց - «Ալ Ջազիրա» - Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ Ձեր երկիրը մյուսներից ավելի լա՞վ վիճակում է։ Դուք ենթարկվո՞ւմ եք որևէ ճնշման՝ լինի դա Մոսկվայից, թե Արևմուտքից, որոնք վերաբերում են Հայաստանի հատուկ հարաբերություններին Մոսկվայի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ ժխտի, որ մեր երկրի և կառավարության վիճակը բավականին զգայուն է, բայց մենք փորձում ենք լինել ուղիղ, ազնիվ և վստահելի գործընկեր Ռուսաստանի, մեր եվրոպական և արևմտյան գործընկերների, մեր հարևանների համար։ Դա այնքան էլ հեշտ չէ, բայց կարծում եմ ղեկավարները նախատեսված են հենց այնպիսի իրավիճակների համար, ինչպիսին մենք այժմ ունենք, և մեր պարտականությունն է` կառավարել այս իրավիճակն ու պահպանել պատշաճ հարաբերություններ մեր գործընկերների հետ և ոչ մեկին չդավաճանել։

--00—ԼՄ