Վահրամ Դումանյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենը քննարկել են համատեղ ծրագրերի հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարը շնորհավորել է Ջոն Ալելոյին՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեր երկրում կարևոր գործունեություն է ծավալում, և նախարարությունը պատրաստ է զարգացնելու համագործակցությունը կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում:

ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր հերթին նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը համակարգում է Հայաստանի համար հեռանկարային առումով մի շարք կարևոր ուղղություններ և այդ շրջանակներում արձանագրել է բազում հաջողություններ: Նա նաև փաստել է այդ ոլորտներում որոշակի մարտահրավերների առկայությունը՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ծրագրերի, միասնական նպատակի և ջանքերի համադրման արդյունքում կարձանագրվի համապատասխան առաջընթաց, քանի որ առկա է նվիրում, պատրաստակամություն և ռիսկերի հաղթահարման կամք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է այն ծրագրերը, որոնց ուղղությամբ կողմերը կարող են համագործակցությունը զարգացնել: Մասնավորապես, անդրադարձ է եղել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրին, որը համընդհանուր ներառականության ճանապարհին նախանշված թիրախային նպատակներին և արդյունքներին հասնելու գործընթացում աջակցություն է ԿԳՄՍ նախարարությանը: Փոխնախարարը շեշտել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից նախատեսվող երիտասարդության մասնակցության ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությունը, ինչպես նաև կարևորել է մշակութային տուրիզմի ոլորտում ջանքերի համադրման հարցը՝ այդ համատեքստում անդրադառնալով ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված մշակութային տուրիզմի «Իմ Հայաստան – My Armenia» ծրագրին: Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում փոխգործակցությանը՝ կարևորելով ագրարային ոլորտում մասնագետների պատրաստման և կադրերի համալրման խնդիրը:

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ հնարավոր համագործակցությանը նախարարության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման գործընթացի, դրա ռիսկերի կառավարման և հաշվետվողականության համակարգի համատեքստում:

Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը՝ կարևորելով բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությունը վերոնշյալ գործընթացում:

--00--ՍԳ