Ներսես Պողոսյանը չի ազատվի․ Ավանի թաղապետը նրա աշխատանքը գերազանց է գնահատել․ «Tert.am»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

նկար

«Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի՝ իր վրա դրված ծառայողական պարտականությունների գերազանց կատարումը, վարչական շրջանի տարածքում առաջացած խնդիրների կարգավորմանն ու լուծմանը ներդրված նրա ջանքերը ինձ համար բավարար հիմք են՝ նրան աշխատանքից չազատելու»։ Այս մասին, Tert.am-ի հարցման ի պատասխան, ասել է Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանի և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի աղմկահարույց հրապարակումներին։

«Ներսես Պողոսյանը աշխատանքի ընթացքում իր վրա դրված ծառայողական պարտականությունները կատարել և կատարում է գերազանց, անմիջական ղեկավարի կողմից առաջադրանքները կատարել է լիակատար, տիրապետում է վարչական շրջանի գրեթե ողջ տարածքում ծագած խնդիրներին, ունի թիմում աշխատելու կարողություն․ առաջացած խնդիրները բազմակողմանի վերլուծելու և նմանատիպ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ու հարցերին համակողմանի լուծումներ տալու կարողություն»,-ասվում է հարցման ի պատասխան։

Ավան վարչական շրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ ի պաշտոնե իրավասու և պարտավոր է իմ ենթակաների վարքագծի վերաբերյալ գնահատում տալու միայն նրանց վերապահված աշխատանքային և ծառայողական պարտականությունների շրջանակներում։

«Իմ ենթակաների՝ սոցիալական ցանցերում դրսևորված վարքագիծը որևէ կերպ չի կարող և չի ազդում նրանց աշխատանքային գործունեության վրա։ Միաժամանակ նշեմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշանակված ծառայողական քննության արդյունքներով, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220, 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, հանրային ծառայությունների մասին օրենքի 225 հոդվածի 1-ին մասը, Ներսես Պողոսյանն իմ կողմից ստացել է գրավոր նկատողություն»,-ասել է Դանիելյանը:

Ավելի վաղ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջադեպի մասով ՀՀ ՄԻՊ-ի արձագանքին:

«Այ անդաստիարակներ, Ձեզ որ լեզվով ասենք, որ հասկանաք՝ թավիշը վերջացել է, պրծավ, էնքան չտեսի պես տարաք, վերջացավ։ Ժամանակին, որ ասում էինք թավիշը մի՛ խառնեք թուլության հետ, չէիք հասկանում»,-գրել էր նա։

Ներսես Պողոսյանը գրառում էր արել նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ։ «Տաքությունը վրես չի եկել: Սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում»,-գրել էր նա։ Նրա գրառումները սոցցանցային տիրույթում քննադատության են արժանացել։

Առավել մանրամասն՝ այստեղ։

--00—ԼՄ