Վկա եմ եղել, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն մարդկանց կաշառք են բաժանել. հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Դատարանի որոշման վերաբերյալ 24News-ը զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն այդ մասին։ 

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերը նշեցին, որ հարցն իրավական հարթությունում է և, եթե դատարանն այդպես է որոշել, ապա միգուցե, բավարար հիմքեր չեն եղել Ծառուկյանին կալանավորելու համար։ 

Որոշ քաղաքացիների կարծիքով՝ նախկինում և՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և՛ «Հանրապետական կուսակցությունը» կաշառք են բաժանել․

«Բոլորն էլ գիտեն, որ կաշառք է բաժանվել, ես ինքս վկա եմ եղել, թե ինչպես են ընկերներս կաշառք վերցնում հա՛մ ՀՀԿ-ից, հա՛մ ԲՀԿ-ից», - մեզ հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։ 

Քաղաքացիների մի մասն էլ այն կարծիքին էին, որ Ծառուկյանն ամենավերջին մարդն է, ում պետք է կալանավորեն, նրանց խոսքով՝ բազմաթիվ այլ մարդիկ կան, որոնց պետք է մեղադրանք առաջադրել։ 

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։ Ավելի վաղ, Ծառուկյանը, խորհրդարանի որոշմամբ, զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ գործը համարելով շինծու։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս