Որ ասում են Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է՝ ինչ-որ առումով ճշմարտություն կա. «Իրավունք»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

«Իրավունք» թերթը գրում է. « «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածուի մասին շատ լավ կարծիք ունեմ, բայց ոչ ես, ոչ պարոն Ասլանյանը չենք պատրաստվում կողմ քվեարկել իր օգտին,- ասաց ԱԺ պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, հավելելով․
-Ավելին ասեմ ես վստահ եմ, որ ՔՊ-ի պատգամավորներ կլինեն, ովքեր կմիանան Էդմոն Մարուքյան-Հովիկ Աղազարյան- Հակոբ Ասլանյան եռանկյունուն, քան «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածուին։ Եվ այդ դեպքում, Մարուքյանը կդառնա ՀՀ վարչապետ 7 ամսով, եվ այդ վիճակը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին էլ։ Ինչո՞ւ որովհետեւ այսօր վարչապետը սպառվել բարոյապես, հոգեպես, ֆիզիկապես եւ մի փոքր հանգստանալը, նորից ռեստարտի գալը նրան չէր խանգարի, որովհետեւ կարեւորագույն որոշումների փուլում ենք գտնվում։ Թող գնա մի փոքր հանգստանա, հետո 2026թ-ին իր ծրագրերով ներկայանա ժողովրդին։ Նույնը ընդիմադիր ֆրակցիաներին եմ խորհուրդ տալիս, գնացեք 7 ամիս հանգստացեք, վերադիրքավորվեք եկեք մասնակցեք ընտրություններին, մենք տալիս ենք այդ հնարավորությունը։ Յոթ ամսվա ընթացքում Էդմոն Մարուքյանը չի կարող չէ՞ ուռումպացնել իշխանությունը, հետեւաբար մենք կունենանք արդար, մաքուր ընտրություններ։ Թե ինչու չեն համաձայնվում, ա՛յ այստեղ լիքը մտածելու հարցեր կան։
-Այդ հարցի պատասխանը կա պարոն Աղազարյան, չեն վստահում, ասում են՝ Դուք եւ Ձեր թեկնածուն իշխանության պրոյեկտն եք։
-Իրավունք ունեն այդպես մտածել, բայց 7 ամսվա ընթացքում մենք ի՞նչ կարող ենք անել, այն դեպքում, մենք լուծում ենք շատ կարեւոր հարց։ Առաջինը Փաշինյանը զրկվում է վարչական ռեսուրսներից, երկրորդ՝ պետականության իմաստով շատ ավելի կարեւոր հարց ենք լուծում, որովհետեւ Փաշինյանը այսօր գտնվում լուրջ ճնշումների տակ եւ չի բացառվում, որ այդ ճնշումների տակ այնպիսի փաստաթուղթ ստորագրի, որը ճակատագրական լինի։ Ահա խնդրեմ, այս երկու հանգամանքները բավարար չէ՞, որ այս տարբերակին համաձայնեն ընդդիմադիրները։ Թե՞ այնուհանդերձ ես ճիշտ եմ, որ իրենք ուզում են հետ բերել հին ու բարի ժամանակները, ընտրություններն էլ հին ու բարի ժամանակներին համահունչ անցկացնել։
-Իսկ, Դուք վստահ ե՞ք, որ ՔՊ-ից Ձեր թեկնածուին ձայն տվողներ կլինեն։
-Բա իհարկե, հակառակ դեպքում մենք հո պատահական չենք ընտրել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, որովհետեւ Մարուքյանը իր սկզբունքներով առավել ընդունելի թեկնածու է։ Որ ասում են Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է՝ ինչ-որ առումով ճշմարտություն կա, որովհետեւ Մարուքյանը բոլոր հեղափոխական արժեքների կրողն է եղել այն գլխից, բա բնականաբար, ինչ կա զարմանալու։
-Ի՞նչ կասեք եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին:
-Շատ բարդ իրավիճակ է եկեղեցու եւ իշխանության միջեւ ձեւավորված: Եթե նայում ենք վարչապետի անհանգստության արտաքին փաթեթավորմանը, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, ապա ինքը ի՞նչ է ասում: Ասում է, որ Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը, հետեւաբար ինքը չի կարող լինել կաթողիկոս։ Հիմա չխորանանք կուսակրոնություն բան, ես այդ ամենին դեմ եմ եղել եւ դեմ եմ, բայց դա իմ գործը չէ, դա եկեղեցու գործն է։ Ես ավելի քան վստահ եմ, որ ե՛ւ վարչապետը, ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ բոլորն առհասարակ գիտեն, որ դժվար կգտնենք որեւէ հոգեւորականի, որ խախտած չլինի կուսակրոնության ուխտը, ու ես գտնում եմ, որ լավ էլ արել են, որ խախտել են: Հիմա, եթե Գարեգին Բ–ն հրաժարական է տալիս, բա ո՞վ է դառնում կաթողիկոս, եթե բոլորս էլ գիտենք, որ բոլոր սրբազանները խախտել են կուսակրոնության ուխտը։ Հետեւաբար, հարգարժան վարչապետ, Դուք ի՞նչ նպատակ եք հետապնդում: Դուք հետապնդում եք երկու նպատակ կա´մ եկեղեցուն են թարկեցնում եք Ձեզ, կա´մ եկեղեցին վերացնում եք: Երկուսն էլ անընդունելի, ՀՀ պետականության շահերից չբխող կեցվածք է։
–00—ՍՊ