Մոսկվայում գյուղատնտեսական ցուցահանդեսի ամենաճանաչելի ազգային տաղավարներից մեկը հայկական տաղավարն էր
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

1939 թվականի Մոսկվայում կայացած Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ամենաճանաչելի ազգային տաղավարներից մեկը Հայկական ԽՍՀ տաղավարն էր՝ կառուցված ճարտարապետներ Կ.Ս.Ալաբյանի և Ս.Ա.Սաֆարյանի նախագծով։ Այդ մասին հիշատակել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը․
«Շենքը կառուցվել է 11-13-րդ դարերի միջնադարյան հայկական տաճարներին բնորոշ ազգային ճարտարապետության ավանդույթներով։ Հատակագծի հիմքը հանդիսացել է եռանավ բազիլիկ հորինվածքը, որի կենտրոնական մասը ծածկված էր երկթեք տանիքով։ Կողմնային ճակատները զարդարված էին բաց կամարաշարքներով՝ շրջանակված կրկնակի կիսաշարասյուններով:
Տաղավարի գլխավոր մուտքը իրենից ներկայացնում էր եռամաս կամար, որը զարդարված էր ալյումինե ձուլվածքից զարդավոր ցանցով՝ խաղողի ողկույզների և այլ պտուղների պատկերներով, որոնք Հայաստանի խորհրդանիշներն են։ Ներքին հարդարանքում հարուստ զարդարված կամարները տարածքը բաժանում էին դահլիճների: Պատերը զարդարված էին Արարատյան դաշտի տեսարաններով և տարբեր գյուղատնտեսական տեսարանների պաննոներով:
1955 թվականին տաղավարը երեսպատվել է կարմիր տուֆով, իսկ 1960 թվականին՝ վերակառուցվել է։ 2003 թվականից ի վեր Հայաստանի ազգային բազմազանությունը ներկայացված է այլ շենքում՝ թիվ 68 «Հայաստան» տաղավարում, որը կառուցվել է ՎԴՆԽ-ում 1954 թվականին՝ ճարտարապետներ Ռ.Ռ.Կլիքսի և Վ.Մ.Տաուշկանովի նախագծով»։
–00—ՍՊ