Նման վերաբերմունքը կարող է տանել պետության իրավական համակարգի անգործության, պատժիչ գործելակերպի

03/06/2025 10:23 Ներքին կյանք

Հայաստանի Հանրապետության դատախազության Շիրակի մարզի դատախազությունից ստացվել է գրություն այն մասին, որ 2025 թվականի մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները կատարող, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հ.Լ. Պողոսյանին ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Լիլիթ Գալստյանի, Էլինար Վարդանյանի, Արմինե Խերանյանի, Ագնեսա Խամոյանի, Աննա Գրիգորյանի և Արեգնազ Մանուկյանի կողմից ներկայացված երաշխավորագիր՝ կալանքի այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը վերաբերել է Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքից ազատ արձակման միջնորդությանը։

Այնուհանդերձ, մտահոգիչ և անհասկանալի է այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ տեղեկացված լինելով մի շարք պատգամավորների կողմից ներկայացված երաշխավորագրի մասին, դիմել է դատարան՝ Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարացման միջնորդությամբ։ Նշված միջնորդությունը հիմնավորվել է բացառապես վերջինիս կողմից հրապարակված արտահայտությամբ, մասնավորապես՝ «կոռումպացված, կոռումպացված դատավոր» արտահայտության օգտագործմամբ, որը գնահատվել է որպես խուլիգանական վարքագիծ և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Միաժամանակ, ակնհայտ է երկակի մոտեցումը, երբ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց կողմից հնչեցված հրապարակային հայհոյանքները կամ վիրավորական հայտարարությունները որևէ կերպ չեն արժանանում համապատասխան իրավական գնահատականի՝ այդ թվում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, և չեն դիտարկվում ո՛չ որպես խուլիգանություն, ո՛չ որպես անհարգալից վերաբերմունք թե՛ դատարանի, և թե՛ հանրության նկատմամբ։

Այս պայմաններում հերթական անգամ կարելի է արձանագրել, որ նման վերաբերմունքը կարող է տանել պետության իրավական համակարգի անգործության, իսկ չարաշահման դեպքում՝ խտրական, պատժիչ և խայտառակ գործելակերպի դրսևորման։

Լիլիթ Աղեկյանի փաստաբան` Զարուհի Փոստանջյան
03 հունիսի, 2025թ.

–00–ԱՀ