Ալեն Սիմոնյանը խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները. Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի պահպանման նկատմամբ օրենսդրական պահանջները և քաղաքացու նկատմամբ, ով չի հարում իր քաղաքական հայացքներին, անվայելուչ արտահայտություններ կատարել: Ավելի ուշ, իրավիճակը շտկելու փոխարեն, ԱԺ փոխխոսնակը փորձել է հրաժարվել իր արարքից: Այս մասին տեղեկացնում է Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը։

«Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն ուսումնասիրություն է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանի գրառման կապակցությամբ և արձանագրել, որ Ալեն Սիմոնյանը, ցուցաբերելով անհանդուրժողականություն քաղաքական այլ հայացքներ կրող քաղաքացու նկատմամբ, նրան հրապարակայնորեն վիրավորել է: Մասնավորապես, Նանե Արզումանյանի գրառման ներքո, որտեղ քաղաքացին քննադատել է Ալեն Սիմոնյանին և նրա վարքը ԱԺ-ում, վերջինս, մեկնաբանությունների բաժնում, դիմելով իր համակիրներին, գրել է. «Շան տեղ մի դիր, մեր զրուցակիցը իրանք չեն»:

Ավելի ուշ, այս մեկնաբանության կապակցությամբ լրագրողների հարցին պատասխանելիս, Ալեն Սիմոնյանն էլ ավելի վատ դրության մեջ է հայտնվել: ԱԺ փոխնախագահը հիշատակել է, որ նշված մեկնաբանություններում իր կողմից ասված է եղել` «ծիտիկներին շան տեղ պետք չի դնել», հետևաբար, ըստ Ա.Սիմոնյանի, անհնար է պնդել, որ այս խոսքերն ուղղված են եղել Նանե Արզումանյանին կամ ընդհանրապես որևէ անձի:

«Եթե մարդիկ կան, որ ծիտիկների հետ կապված ուզում են դիմել, ինչ է ասել եմ՝ շան տեղ չդնեն, ես դեմ չեմ, թող դիմեն, կարող են նաեւ ՄԱԿ-ին դիմել եւ կենդանիների պաշտպանության որոշ կազմակերպությունների»,-ահա թե ինչպիսին են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պատկերացումները` քաղաքական բանավեճի ընթացքում ակնհայտորեն և բոլորին հասկանալի անձանց հասցեին իր իսկ կողմից հնչեցված արտահայտությունների համար պատասխանատվություն ստանձնելու մասին:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն արձանագրում է, որ Ալեն Սիմոնյանը խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի պահպանման օրենսդրական պահանջները, այն է` չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս կամ առօրյա կյանքում: Խորհուրդը նաև գտնում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձին հարիր չէ պատասխանատվությունից խուսափելու համար բառախաղերի վրա հենվելը և պատասխանատվության կանչվելու պարագայում` խուսանավելու նմանատիպ անհեռանկար եղանակ ընտրելը:

Խորհուրդը համապատասխան եզրակացություն է ուղարկել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին՝ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ», - ասված է հայտարարության մեջ։