Գ. Խաչատրյանի եղբորորդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանը, գրավի դիմաց ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

/

ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց: Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։

Փաստաբանի խոսքով դատարանը նաև բավարարեց Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

«Իրականում դատարանը համարձակ և օրինական որոշում կայացրեց, որովհետև չկային այլևս Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր»,- ասաց Ամրամ Մակինյանը ։

Պաշտպանը նաև հայտնեց, որ գրավի գումարի չափ է սահմանվել է 20 մլն դրամ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և կալանավորել։