ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի 41 հասցեում գործող «Մամա Միա» ռեստորան են մտել տղամարդիկ և ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Եկմալյան 1 հասցեի մոտ երկու հաղթանդամ տղամարդ հարձակվել են քաղաքացու վրա և ծեծի են ենթարկում նրան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներին քաղաքացիները մատնացույց են արել 2 տղամարդու և հայտնել, որ վերջիններս նշված հասցեում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հայհոյանքներ են հնչեցրել և ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված 2 քաղաքացիներին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են Երևանի բնակիչներ 41-ամյա Արսեն Դ․-ն և 44-ամյա Բորիս Ղ․-ն:
Քիչ անց ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Եկմալյան 1 հասցեում ծեծի ենթարկվելու հետևանքով «քթոսկրերի կոտրվածք հարցականով և ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության 06 կարգախումբը «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր բուժօգնության է տեղափոխել ՌԴ քաղաքացի 26-ամյա Ալեքսանդր Նոզիկին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
--00--ԱՀ