Գալստյանը, Դանիելյանը, Լևոն Քոչարյանն ու Մկրտչյանը մերժել են Սիմոնյանի՝ Հնդկաստան մեկնելու հրավերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

297248

Ընդդիմադիր պատգամավորները, իրենց քաղաքական «կապրիզները» հիմնավորելու համար, շարունակում են հերթական անգամ կեղծ լուրեր տարածելու գործելաոճը։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Այս անգամ էլ ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն է ասել, թե Ալեն Սիմոնյանն իբր արտագնա այցերում չի ընդգրկում ընդդիմադիր պատգամավորներին ու հավելել՝ «իրենք գնում են արտասահման՝ Հայաստանի իրականությունը կեղծված ձևով ներկայացնելու»։

Պատգամավորն այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ նախագահի՝ դեկտեմբերի 15-20-ը դեպի Հնդկաստան իրականացվելիք պաշտոնական այցի մասին։

Ցանկանում եմ նշել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ ԱԺ նախագահի անունից հրավեր է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորի, որոնք, սակայն, առանց կոնկրետ պատճառաբանության հրաժարվել են Հնդկաստան մեկնելուց։

Մասնավորապես, Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են` առանց լուրջ հիմնավորման»,- նշել է Հարությունյանը։

--00—ՅՄ