Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Կուզենամ, որ երեկվա տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությանը։

«Չէի ուզի, որպեսզի մենք գերագնահատեինք տեղի ունեցածը, բայց նաև չթերագնահատենք այն։ Շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության, առաջին անգամ ՀՀ-ն և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց, պետք է գնահատենք դա»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը։

--00—ՅՄ