Կանադայի արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

395251384_717093030445074_7081667221860640057_n

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը:

Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջեցին Հիշողության պուրակում, որտեղ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ջրեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի 2018 թ. տնկած արծաթափայլ եղևնին:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

--00—ՅՄ