Բաքուն Փաշինյանին դեմ է տվել ամենադաժան մենյուն, Բրյուսելում Ադրբեջանի բոլոր թեզերը ընդունվեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Բրյուսելում կայացած վեջին հանդիպման ժամանակ շատ մտահոգիչ դրույթներ եղան, նկատելի է, որ ադրբեջանական օրակարգը կապիտալիզացվում է: Բացի այն, որ, փաստորեն, ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, դա ենթադրում է, որ Արցախն ամբողջովին ադրբեջանահպատակեցվում է, սա նշանակում է, որ Արցախը կարգավիճակ չի ունենալու և ապրելու է այն սահմանադրաիրավական նորմերով, որով ապրում է Ադրբեջանը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքով, Բրյուսելում այս անգամ չի խոսվել Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ներդրման մասին, այլ շեշտը դրվել է ուղիղ երկխոսության վրա, ինչը նշանակում է՝ ԼՂ-ն դարձել է ներքին հարց: Այլ երկրներին պետք չէ մեղադրել, Փաշինյանն առանց Արցախի համար երաշխիք ստանալու այն նետեց Ադրբեջանի երախը, թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը Փաշինյանն է: Նա պատերազմից հետո պետք է հասկանար, որ Բաքուն դեմ է տալու ամենադաժան մենյուն»,- ավելացրեց նա:

Խոսելով Աղդամով հումանիտար մատակարարումներ անելու Բաքվի պատրաստակամության մասին Միշելի հայտարարությունից՝ Սուրենյանցը նշեց, որ այդ հայտարարությունը նշանակում է՝ Լաչինի միջանցքի բացման մասին պետք է մոռանալ. «Միշելը լավ գիտի, որ միջանցքը չի բացվելու, դրա համար խոսում է Աղդամի մասին, եթե ուզենար այն բացել, Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի վճռի որոշումը չիրականցնելու համար պատժամիջոցներ կիրականացներ:

Աղդամի մասին խոսելով՝ Միշելն ասաց, որ Լաչինի միջանցքի մասին պետք է մոռանալ, բացի այդ՝ չօգտագործեց Լաչինի միջանցք բառը, այլ ասաց՝ ճանապարհ, իսկ նման կարգի դիվանագետները չեն կարող սխալվել, այսինքն՝ ակնհայտորեն այն հավասարեցվեց Աղդամին: Այսուհետ՝ Ադրբեջանը պնդելու է այդ ճանապարհով Արցախի կարիքները հոգալ, այս կերպ ևս մեկ քայլով առաջ են գնալու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ