ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունի միջադեպի առնչությամբ և մի քանի դիտարկումներ ներկայացրել:
«Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են իր երեք զինծառայողները՝ հայկական կողմին անհիմն մեղադրելով կանխամտածված սադրանքի մեջ։
Այդ առիթով մի քանի դիտողություն․
- Քանի որ այս հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, անտրամաբանական է ասել, որ դրանք թարմ եւ միտումնավոր դրված ականներ են։ Ինչպե՞ս կարելի է թարմ ականներ տեղադրել ադրբեջանական տեսահսկման համակարգերի պայմաններում...
- Այդ տարածքում մարտեր են եղել եւ՛ 1990-ականներին, եւ՛ 2020-ականներին, եւ հնարավոր չէ ասել, թե ով է ական տեղադրել այդտեղ։ Ավելին, երբ այս տարածքը մեր վերահսկողության տակ էր, մեր հովիվներից մեկն էլ էր պայթել ականի վրա։ Ուստի չեմ բացառում, որ այդ ականները ժամանակին իրենք՝ ադրբեջանցիներն, են տեղադրել։
- Քանի որ Ադրբեջանը երբեք չի համագործակցել Արցախի եւ Հայաստանի հետ, չի տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներ եւ միշտ խոչընդոտել է Արցախում միջազգային ականազերծման աշխատանքներին, մենք չենք կարողացել ժամանակին ամբողջությամբ մաքրել շատ տարածքներ, այդ թվում եւ այդ մեկը։
- Ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ վայրը գտնվում է Արցախի տարածքում, եւ բոլոր ճանապարհները փակված են Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ մի քանի ամիս է՝ Հայաստանից ցանկացած մուտք անհնար է։
- Ադրբեջանի մեղադրանքներից ու նկրտումներից զգացվում է, որ փորձում են լրացուցիչ առիթներ ստեղծել նոր սադրանքների եւ ագրեսիայի համար, մինչդեռ արցախյան կողմը պահպանում է հրադադարը եւ միշտ պատրաստ է քննարկել եւ լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը, այդ թվում՝ շրջափակման վերացումը եւ երկկողմանի ականազերծումը»,-գրել է Բեգլարյանը։
--00—ԼՄ