ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների մանդատը երկարաձգելու առաջարկը Սոչիում չընդունվեց, բայց մտավ օրակարգ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

նիկոլ

Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության և իրավունքների ապահովման հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ։ Այդ մասին ԱԺ-ում պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եռակողմ բանակցությունների ընթացքում առաջարկել ենք, որ որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարաձգել անորոշ ժամանակով, 5 տարով, 10 տարով, 15 տարով, 20 տարով։

Պետք է ասեմ, որ ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ, որ իմ ընկալմամբ հարցը դարձավ օրակարգային։  

Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ժամկետը երկարաձգվում է ինքնաբերաբար։ Այսինքն՝ դա կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չներկայացնի ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ։

Ինչո՞ւմն է նորությունը։ Նորությունը հետևյալն է՝ խաղաղապահների մանդատը երկարացնել և ֆիքսել, որ այդ առարկության ինստիտուտը պետք չէ, կամ հաղթահարել այդ առարկության ինստիտուտը և երկարաժամկետ կտրվածքով ունենալ խաղաղապահների ներկայությունը»,- ասել է Փաշինյանը։

--00—ԼՄ