ՊԲ նախկին հրամանատարին ՀՀ-ում մեղադրանք առաջադրելը խնդրահարույց է, Արցախը ՀՀ չէ. իրավաբան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

առզ

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքում խնդիրը տարածքային իրավազորության մեջ է։ Այս մասին 24News-ին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ձերբակալվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։

«2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին»։

Փաստաբան Արա Ղազարյանի խոսքերով՝ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել մի ենթադրյալ արարքի համար, որը տեղի է ունեցել Հայաստանի աշխարհագրական սահմաններից դուրս։ «Դա խնդրահարույց է, որովհետեւ ՀՀ քրեական օրենսգիրքը գործում է Հայաստանի տարածքում։ Մյուս կողմից, ըստ երևույթին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում սահմանված սկզբունքը կիրառում է նաեւ Արցախի համար, ըստ էության Արցախը համարում է իր վերահսկողության տարածք, արցախցուն՝ իր քաղաքացի և մեղադրանք առաջադրում։ Համենայնդեպս քրեական վարույթ նախաձեռնելու որոշմանը պետք է ծանոթ լինել՝ իր իրավազորության դեպքում ինչպե՞ս է կարգավորվում։

24News-ի տեղեկություններով՝ Արցախի ՔԿ-ն որեւէ կերպ ներգրավված չէ այդ վարույթում։ Արա Ղազարյանի համար զարմանալի է, որ Արցախի ՔԿ-ն չի առաջադրել մեղադրանքը։ Մասնագետը որպես օրինակ նշեց, որ Ադրբեջանի դեմ Հայաստանը դիմում է ՄԻԵԿ կոնվենցիաների հիման վրա, ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի հիման վրա։

«Հիմա Արզումանյանի դեպքում ՔՕ-ի կիրառելիությունն է ՀՀ սահմաններից դուրս, Լեռնային Ղարաբաղը ՀՀ տարածք չի համարվում։ Իհարկե, կան որոշ հանցագործություններ, որոնց դեպքում հնարավոր են անկախ քաղաքացիության տարածքից, բայց դա վերաբերում է համընդհանուր իրավազորության խնդրին՝ մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, բայց Արզումանյանի մեղադրանքն այս դեպքը չէ, նրան մեղադրանք է առաջադրվել անփութություն կատարելու համար։ Պետք է հետամուտ լինել ՔՕ-ի տարածքային կիրառելիության հարցում», - եզրափակեց Արա Ղազարյանը։