Բլինքենի հայտարարությունից պարզ է՝ արևմուտքը ուզում է տարածաշրջանը դնել թուրքական հսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

քաղաքական

Վերջին շրջանում արևմուտքի ակտիվացումը Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» կնքելու հարցում սարսափելի մեծ վտանգներ կարող է ստեղծել՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, կարող է հանգեցնել նոր պատերազմի, որին հնարավոր է մասնակցեն Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Այս մասին 24News-ին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասում է՝ պետք է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղություն կնքվի, հասկանալի է, որ նկատի ունի՝ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում, և Հայաստանը դա ընդունի: Նշանակում է, որ ռուս խաղաղապահները պետք է գնան Արցախից և լքեն նաև Հայաստանը և այս տարածաշրջան մտնի Թուրքիան, ինչը վտանգ են համարում Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը:

Ըստ քաղաքագետի՝ «Խաղաղության պայմանագիր» պահանջելով ԱՄՆ-ն փորձում է տարածաշրջանը կոնֆլիկտի տանել:

«Միամիտ պետք է լինել չտեսնելու, որ ԱՄՆ-ն համարում է Արցախն Ադրբեջանի կազմում և նման հայտարարություններով Ադրբեջանին հասկացնում է, որ ինքն իր պահանջների մեջ ավելի համարձակ լինի և ՀՀ-ի հանդեպ ավելի մեծ ճնշումների գնա՝ « խաղաղության պայմանագիր» կորզելու համար: Այս մթնոլորտն է պատճառը, որ Իրանը հայտարարություն արեց, որ թույլ չի տա սահմանի փոփոխություն, և դա արեց Թեհրանում, Թուրքիայի և Ռուսատանի նախագահների ներկայությամբ»,- ավելացրեց քաղաքագետը:

Անդրադառնալով Եվրամիության աջակցությանը հայ -ադրբեջանական հարաբերություններին, Դանիելյանը նշեց, որ Եվրամիությունը քաղաքական սուբյեկտ չէ, անում է այն, ինչ իրեն ասում է ԱՄՆ-ն.
«Բոլորը շարժվում են իրենց ազգային շահերով, և ոչ մեկ մեզ համար թշնամի չէ, սակայն յուրաքանչյուրն ունի իր խնդիրը և այդ խնդիրների հետևանքով ՀՀ-ն կարող է, որպես այդպիսին վերանա:

Գերտերությունների գլոբալ խաղ է գնում, որտեղ փոքր երկրները կարող են ընդամենը ոտատակ ընկնել և կորուստներ ունենալ: Մենք տեսնում ենք, թե ինչպես ավելի մեծ երկրներ՝ Իրաքը, Սիրիան, Ուկրաինան այդ խաղերի արդյունքում  ինչ վիճակում են հայտնվել: Այդ ամենը մեզ կարող է սպասվել, եթե «խաղաղության պայմանագրի» պահանջները իրականացվեն, քանի որ «խաղաղության պայմանագիր» կնքել,  նշանակում է՝ ստեղծել  պատերազմական իրավիճակ, ինչը՝ ՌԴ-ի, Իրանի համար անընդունելի է»:

Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը չնայած, որ դեմ չէ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, բայց լավ է հասկանում, որ դրա հետևանքով իրենք լուրջ խնդիրներ կունենան Իրանի և ՌԴ-ի հետ, քանի որ նրանց ազգային շահերին դեմ է: 

«ՀՀ-ն արդեն ինքնուրույն սուբյեկտ չէ, օբյեկտ է և երկողմանի ճնշումների տակ է հայտնվել: Արևմուտքը ուզում է այս տարածաշրջանը դնել թուրքական վերահսկողության տակ, իսկ թուրքական աշխարհը արևմտյան պրոյեկտ է և այդ պրոյեկտը պետք է խնդիրներ ստեղծի Իրանի և ՌԴ-ի համար, ապագայում նաև Չինաստանի դեմ և տարածվի մինչև Միջին Ասիա: Թուրքիայի հետ բանակցությունները պետք է ընթանան, սակայն պետք է սպասել, տեսնել, թե Ուկրաինայում պատերազմում ի՞նչ ելք է լինում, պատերազմը կանգնելուց հետո այլ իրավիճակ կստեղծվի: Ադրբեջանը  և Թուրքիան լավ են հասկանում, որ հիմա լավագույն իրավիճակն է մեծ ճնշումներ գործադրելու և ստեղծված իրավիճակից օգտվելու համար, ինչը և խրախուսվում է Էնթոնի Բլինքենի հայտարարությունների միջոցով»,-հավելեց նա:

Ինչ վերաբերվում է հայ- թուքական հարաբերություններին, ապա Դանիելյանի համոզմամբ, այն ընթանում է ՌԴ-ի մոդերացիայի տակ, ձեռք է բերվում այնպիսի պայմանավորվածություններ, ինչը ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները միմյանց միջև պայմանավորվում են: Թուրքիան ուզում ավելի մեծ ճնշումներ գործադրել, բայց մինչ այս պահը մոդերացիան ՌԴ-ինն է, Իրանի դերակատարությունը ևս գնալով մեծանում է:

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ