Չլինի՝ ստիպված լինենք փոխհատուցել կորցրած ժամանակը. Մարկեդոնովը՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Markedonov-1.jpg

«Զգացողություն կա, որ այս ուղղությամբ դիվանագիտական նախաձեռնությունը տրվել է «Միացյալ Եվրոպային»»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքներին:

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական «դաշտերում ու հողերում» Շառլ Միշելի «մեծ բեկումները» դիտարկելիս՝ բազմաթիվ անհարմար հարցեր են առաջանում: Եվ, ըստ նրա, զգացողություն կա, որ այս ուղղությամբ դիվանագիտական ​​նախաձեռնությունը տրվել է «Միացյալ Եվրոպային», հանձնվել է վճռականորեն և անդառնալիորեն։

«Ստացվում է, որ Մոսկվան կարծես կորցրել է հետաքրքրությունը Ղարաբաղի հարցի և Կովկասի նկատմամբ։ Գուցե հաշվարկն այն է, որ Միշելը կձախողի, հետո մենք ստվերից դո՞ւրս կգանք։ Սակայն մինչ ձախողի, տեղեկատվական առումով ԵՄ-ն արդեն ներկայանում է՝ որպես խաղաղ գործընթացի միակ հովանավոր, և այն ամենը, ինչ համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին, ընդհանրապես չի նշվում»,- գրել է Մարկեդոնովը: Վերջինս առաջարկում է կարդալ Միշելի տարածած հաղորդագրությունը, որում չի նշվում Ռուսաստանի մասին:

«Չի էլ նշվելու տեսանելի ապագայում»,- նկատել է վերլուծաբանը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ՄԽ համանախագահների եռյակի ձևաչափը «փաստացի մեռած է», իսկ ձևացնելը, թե մենք ընդհանուր գործ ենք անում, առնվազն տարօրինակ է։

Նրա որակմամբ, ընդհանրապես տարօրինակ լռություն է:

«Այնպես չլինի՝ ստիպված լինենք հետո փոխհատուցել կորցրած ժամանակը: Ավելին, շատ բան է արվել Ռուսաստանի կողմից ԵՄ-ից առաջ»,- ասել է նա՝ ամփոփելով, որ  «յուղոտ պատառներից օգտվում է ոչ թե Մոսկվան, այլ Բրյուսելը»։

--00--ՀԶ             
 

Տեսանյութեր