Ինչո՞ւ արդյունք չեն տալիս ԵԱՀԿ ՄԽ «մեծ եռյակի»՝ ԼՂ հարցը կարգավորելու ջանքերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26  24News 

Մարկեդոնով

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունն արդեն մեկ ամիս է՝ չի հանդարտվում: Իրավիճակի սրման ֆոնին փորձեր են արվում վերադառնալ բանակցություններին՝ խաղաղ կարգավորման հասնելու համար: Դրանք, սակայն, արդյունավետ համարելը դժվար է: Այս մասին նշում է ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ «Կոմերսանտ»-ում հրապարակված իր հոդվածում:

«ԼՂ հակամարտության պատմության ընթացքում Ռուսաստանն ու Արևմուտքը հանդես չեն եկել և չեն գալիս իբրև հակառակորդներ: Դժվար է այլ իրավիճակում պատկերացնել Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարություն, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Երևանին ու Բաքվին ուղղված կոչեր՝ Մոսկվայում կնքված հրադադարի պայմանավորվածությունը պահելու պահանջով: Կամ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների վաշինգտոնյան փուլի շեմին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հույսերն առ այն, որ ԱՄՆ-ն կգործի Ռուսաստանի հետ միասին:

Թվում է՝ ԼՂ հակամարտությանը թուրքական ակտիվ մասնակցությունն ու Անկարայի ձգտումը՝ խախտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «մեծ եռյակի» քաղաքական մենաշնորհը պետք է էլ ավելի մոտեցնեին Վաշինգտոնի, Փարիզի ու Մոսկվայի դիրքորոշումները: Սակայն կան կարևոր նրբություններ, որոնք թույլ չեն տալիս այդ՝ առաջին հայացքից անթերի սխեման աշխատի:

Նախ՝ ցանկացած խաղաղապահի տեղակայում կարող է հաջող լինել այն դեպքում, երբ իրենք՝ հակամարտող կողմերը հետաքրքրված են փոխադարձ զիջումներ գտնելու հարցում: Այսօր, սակայն, նման բան չենք տեսնում ոչ Բաքվում, ոչ Երևանում: Զինված հակամարտությունը կարող է ներքաղաքական օրակարգի առումով ամենից հակադիր ուժերին անգամ միավորել, բայց փոխզիջումների գաղափարը պառակտում կմտցնի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հանրության մեջ:

Երկրորդ, «մեծ եռյակի» համար որքան էլ կարևոր լինի ղարաբաղյան սցենարը, համաշխարհային տերությունները չենք կարող միջազգային օրակարգը միայն դրանով սահմանափակել: Դրան զուգահեռ՝ ԼՂ շրջանակից դուրս Վաշինգտոնը, Փարիզն ու Մոսկվան ավելի շատ տարաձայնություններ ունեն, քան ընդհանուր հատման կետեր: Դա, իհարկե, ոչ վստահությունն է ավելացնում, ոչ էլ համատեղ աշխատելու ձգտումը: Առավել ևս, Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս հակամարտությունն, իր ողջ նշանակությամբ հանդերձ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համար էկզիստենցիալ մարտահրավեր չէ, որ հանուն նրա թողնեն ամեն ինչ և կենտրոնանան այս խնդրի կարգավորման վրա: 

Երրորդ, Վաշինգտոնը, Փարիզն ու Մոսկվան ինչպիսի պահանջներ էլ ունենան Թուրքիայից, «մեծ եռյակը» նրա նկատմամբ չափից շատ չհամընկնող հույսեր ունեն: Եթե Մոսկվան հուսով է թուրքական գործոնի շնորհիվ թուլացնել հյուսիսատլանտյան միությունը, ապա Վաշինգտոնը, հակառակը, կցանկանար ՆԱՏՕ-ի ներսում պառակտում թույլ չտալ:

Այս գործոնները, բոլորի միասին և յուրաքանչյուրն՝ առանձին-առանձին, դժվարացնում են խաղաղ լուծման որոնումը: Հատկապես՝ մի իրավիճակում, երբ 1994 թ. մայիսից Լեռնային Ղարաբաղում գործող կարգավիճակը խախտվել է: Եվ մեծ է գայթակղությունը մի կողմից՝ ամրապնդել այս իրավիճակը, մյուսից՝ թույլ չտալ արմատական փոփոխություններ՝ նախքան կնստեն բանակցային սեղանի շուրջ:

Այդուհանդերձ, այս հանգամանքների պարագայում քաղաքական-դիվանագիտական էսկապիզմն անհնար է: Ավելին, խաղաղ նախաձեռնությունները չի կարելի դադարեցնել ոչ մի րոպե: Միայն պետք է հստակ գիտակցել, որ արագ առաջընթաց, ամենայն հավանականությամբ, չի լինի, իսկ կողմերը պետք է ոչ թե հույս դնեն արտաքին հրաշքի, այլ սեփական պատասխանատվության ու հասունության վրա»,- գրում է նա:

--00--ԱԹ