Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումներ Կոտայքի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

 

Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումների հերթական հանդիպումը Կոտայքի մարզում էր։ Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Կոտայքի բաժնի ղեկավար կազմը և համայնքային իշխանության ներկայացուցիչներ։

Աբովյանի երաժշտական դպրոցի դահլիճում ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Մինասյանը ներկայացրեց պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։ Պարեկային ծառայության աշխատակիցները ներկայացրին ծառայությունում օգտագործվող տեխնիկան, դրանց հնարավորությունները և պատասխանեցին ներկաների հարցերին։

Հաջորդ հանդիպումը Եղվարդ քաղաքում էր՝ մշակույթի տանը։ Հյուրերը ներկայացրին պարեկային ծառայության առանձնահատկությունները և այն արտոնությունները, որոնցից կարող են օգտվել պարեկայինները։ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը խոսեց ոստիկանության կրթահամալիրում անցկացվող հնգամսյա դասընթացների, քննությունների անցկացման կարգի մասին, իսկ պարեկայինները ներկայացրին կրտսեր պարեկի, պարեկի և ավագ պարեկի գործառույթները, դրույքաչափերը և ծառայության անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։

Ծառայությունով հետաքրքրված անձինք ծանոթացան պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին, օգտագործվող տեխնիկային ու սպառազինությանը։
Հիշեցնենք, որ տարեվերջին Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում կսկսի գործել պարեկային ծառայություն։

Այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումում, փետրվարի 28-ից ապրիլի 1-ը կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։

--00--ՍԳ