Կոտայքի մարզպետը այցելել է Ջրվեժ, Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

կոտայք

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խորհրդականների ուղեկցությամբ մայիսի 22-ին աշխատանքային այցով եղել է Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ բնակավայրերում, ինչպես նաև Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներում։ Այդ մասին տեղեկանում ենք մարզպետի ֆեյսբուքյան էջից:

Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ այս բնակավայրերի տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված 2019 թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական և 2020 թ. ՀՀ Կառավարությանը ներկայացված ծրագրերի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև մասնակցել Գողթ համայնքում Գեղարդալճի ջրամբարի հարցի վերաբերյալ լսումներին:

Զովքում կառավարության 2020 սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել մանկապարտեզի շենքի կապիտալ հիմնանորոգման, ամրացման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Բարեկարգ ու լուսավոր շենքը կունենա անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երեխաների 2 խումբ (3-6 տարեկան) ընդունելու համար։ Ծրագրի արժեքը մոտ 166 մլն ՀՀ դրամ է։

Ջրվեժ բնակավայրում մարզպետը ծանոթացել է մանկապարտեզի տարածքին, որտեղ 2020 սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է 190 երեխայի համար հիմքից նոր մանկապարտեզ կառուցել։ Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ու նորագույն լուծումներով մանկապարտեզը կարող է ընդունել ոչ միայն Ջրվեժի, այլև հարակից բնակավայրերի երեխաներին:

Ձորաղբյուր բնակավայրում 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով անցկացվել է ջրագիծ: Այս տարվա ծրագրով նախատեսվում է բնակավայրի ջրագծերի անհատական միացումների և ջրաչափական հանգույցների կառուցում: Ծրագրի արժեքը՝ 39 769 870 ՀՀ դրամ է, որից 45 տոկոսը՝ 17 896 441.5 ՀՀ դրամը համայնքի մասնաբաժին է, իսկ մնացածը պետության մասնաբաժինն է:

Հաջորդ կանգառը Հացավան բնակավայրն էր, որտեղ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով ամրացվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կառուցված մշակույթի տան շենքը: Ավարտվել են կապիտալ վերանորոգման աշխատանքները, լիովին փոխվել են շինության կտուրն ու պատուհանները, կատարվել է տարածքի ցանկապատում: Իսկ օրեր առաջ Կառավարության նիստում հաստատված 2020 թ. սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման աշխատանքներ: Համայնքի և այլ աղբյուրների միջոցներով կբարեկարգվի մշակույթի տան ամբողջ տարածքը, բակում խաղահրապարակ կկառուցվի: Աշխատանքների ավարտից հետո Հացավան համայնքը կունենա մշակույթի հրաշալի կենտրոն՝ անհրաժեշտ գույքով, գրադարանով ու կծառայի որպես հարթակ՝ բազմաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման և կրթական գործունեության համար:

Հացավանում նախատեսվում է նաև Հ․ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցի պարսպապատում մարզպետարանի խնայողությունների հաշվին

Գեղարդ բնակավայրում 2020 թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է կենտրոնական ճանապարհի ամբողջական ասֆալտապատում և հիմնանորոգում, հենապատի կառուցում և ջրահեռացման համար ջրատարի կառուցում։ Ծրագրի արժեքը 32 258 340 ՀՀ դրամ է, որից 26 տոկոսը՝ 8 387 168 ՀՀ դրամը համայնքի կողմից է վճարվելու, իսկ 24 տոկոսը՝ 7 742 000 ՀՀ դրամը՝ բարերար Արտեմ Պողոսյանի կողմից, մնացածը պետության մասնաբաժինն է:

Գողթ բնակավայրում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերով մեկնարկել են մանկապարտեզի շենքի ամրացման, վերակառուցման և կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Արդեն աշնանը երկհարկանի նորակառույց մանկապարտեզը շահագործման կհանձնվի:

Ծրագրի արժեքը 93 մլն ՀՀ դրամ է։ Գողթ բարձրլեռնային բնակավայրում նախատեսվում են նաև լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ:

Շրջայցն ավարտվել է Գողթում Ջրային Պետական Կոմիտեի նախագահի, «Կոտայք» ՋՕԸ գործադիր տնօրենի, վարչական խորհրդի նախագահի և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ բացօդյա լսումներով: Լսումների արդյունքները մարզպետը դրական է գնահատում. մի շարք հարցերի շուրջ կա լիարժեք փոխըմբռնում, և Գեղարդալճի ինքնահոս համակարգի վերջին 1.9կմ-ոց հատվածի շինարարությունը շուտով կմեկնարկի։

Զուգահեռաբար Ջրային Պետական Կոմիտեն՝ համայնքի 10% համաֆինանսավորմամբ կիրականացնի նաև ներտնտեսային ցանցի 1.76 կմ-ոց հատվածի կառուցումը՝ այդով համայնքում առկա ոռոգման ջրի մոտ 50%-ոց կորուստները հասցնելով գրեթե զրոյի։

Բոլոր բնակավայրերում մարզպետը շփվել է նաև բնակիչների հետ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սոցիալական ու տնտեսական իրավիճակը հասկանալու և առկա խնդիրներին առաջիկայում լուծումներ առաջադրելու նպատակով: