ՊԵԿ-ն իր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսում է ստեղծել բջջային հավելվածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ՊԵԿ

Նախորդ տարվա համավարակով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն թվային նոր լուծումներ է մշակել` հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում թղթային գործարքներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար: 

Ստեղծվել են հաշվետվական ձևեր ոչ միայն կոմիտեի, այլև պարետատան ու այլ գերատեսչությունների համար։ 

2020 թ․ սկզբից մինչ օրս ՊԵԿ-ը մեծածավալ աշխատանքներ է իրականացրել նաև այլ գերատեսչություններին աջակցելու գործում։  Կոմիտեի կողմից տրվել են թե՛ տեխնիկական ռեսուրսներ, թե՛ մասնագիտական աջակցություն։ 

Կառավարության կողմից սահմանված աջակցությունների միջոցառումների շրջանակում ևս կոմիտեն լուրջ մասնակցություն է ունեցել։ Համակարգվել է պետական այլ կառույցների կողմից ստացված տեղեկատվությունը՝ միջոցառման իրական շահառուների նույնականացման համար։ Իսկ աջակցության այն ծրագրերը, որոնց պատասխանատուն ՊԵԿ-ն է, ամբողջությամբ իրականացվել են էլեկտրոնային եղանակով։ 

Ծրագրային ապահովում է իրականացվել նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունների և շահութահարկի կանխավճարների մեխանիզմի փոփոխության դեպքում։ Արդյունքում՝ թեթևացել է տնտեսվարողների հարկային բեռը, իսկ կանխավճարի մեխանիզմը պարզեցվել է։

Առաջիկայում կոմիտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանդես կգա նոր լուծումներով։ 

Պետական եկամուտների կոմիտեն բոլոր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսում է ստեղծել բջջային հավելվածներ։ Թվայնացման նոր գործիքակազմը հնարավորության կտա կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել ավելի արդիական ու արդյունավետ՝ հեշտացնելով հարկ վճարողների գործը՝ տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

--00--ԱՀ