Մենք նվազագույն կորուստներով հաղթել ենք քառօրյա պատերազմի ժամանակ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

ՀՀ երրորդ նախագահը ապրիլյան պատերազմի թեմայի շրջանակում տված հարցազրույցի ժամանակ հարցին՝ նախահարձակ լինելո՞ւ, թե՞ պաշտպանվելու դեպքում են լինում նվազագույն կորուստներ, պատասխանեց. «Տարբեր են լինում: Օրինակ, Ադրբեջանը նախահարձակ եղավ և մեծ կորուստներ կրեց:

Մենք շատ դեպքերում ունեցել ենք հարձակողական գործողություններ նվազագույն կորուստներով: Եվ պաշտպանության ժամանակ ես համարում եմ, իհարկե, մեկ անգամ ևս ցավակցելով զոհվածների ընտանիքներին, մեկ անգամ ևս ափսոսալով, որ չկարողացանք ավելի քիչ զոհերի գնով, կամ չկարողացանք ընդհանրապես բոլորին փրկել, այնուհանդերձ նվազագույն կորուստներով մենք կարողացել ենք գուցե լուծել մեր խնդիրը: Մենք նվազագույն կորուստներով հաղթել ենք: Ուրեմն էստեղ եզրակացություն. նայած ինչիպիսի՞ հարձակողական գործողություն է, նայած ինչպիսի՞ պաշտպանողական գործողություն է. դա մեծապես կախված է շատ հանգամանքներից՝ քո զորքերի մարտունակությունից, մարզվածության աստիճանից, քո տրամադրության տակ եղած սպառազինությունից, տեղանքից, ժամանակից և այն: Բազմաթիվ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը նաև հավելել է, որ այդ հարցում մասնագետ չէ, և ունի ընդհանուր պատկերացումներ, և ներկայացնում է իր պատկերացումները:

--00—ԼՄ