Վրաստանի ապագան ԵՄ-ում է. Միշելը՝ Կոբախիձեին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

վր.j

«Վրաստանի ապագան Եվրամիությունում է: Բաց չթողնե՛ք այս պատմական շանսը»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հեռախոսազրույցից հետո սոցցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Ըստ Միշելի գրառման՝ Կոբախիձեի հետ հեռախոսազրույցում քննարկել են Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

«Ես վերահաստատեցի Եվրամիության լիակատար աջակցությունը բոլոր վրացիներին, ովքեր իրենց երկրի ապագան առաջնային են համարում:

Վրաստանի քաղաքացիների ցանկությունը՝ դեպի բաց, ժողովրդավարական և բազմակարծ հասարակություն, պետք է լսելի լինի: Ակտիվ բանավեճն այժմ անկյունաքար է, և դա միանշանակ՝ անհրաժեշտ է»,- գրել է Միշելը:

Ի դեպ, հեռախոսազրույց են ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Զուրաբիշվիլին ընդգծել է՝ ոչ ոք չի կարող Վրաստանին շեղել եվրոպական ճանապարհից, որը ոչ պակաս կարևոր է Եվրոպայի համար։

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։

--00—ԼՀ