Նիկոլի որակները կորեկցիայի ենթակա չէ, նա ասում է՝ 2021-ին ստացել եմ ժողովրդի քվեն․ Հովհաննիսյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Վերջին օրերի յոթնամյա պատմությունը
Կառավարության ղեկավարը, վերջին օրերին լկտի բառապաշարով Սրբազաններին, Վեհափառին անդրադառնալուց հետո, երեկ անցում կատարեց Վ. Օսկանյանի և Ռ. Քոչարյանի վրա, «ոչ մի հանդարտ օր» փիլիսոփայությամբ։ Ինչ ուզեց՝ ասաց, առանց իրականությունըճշտելու, առանց էթիկետի նվազագույն նորմի։ Սա ինքն է, յոթը տարի՝ նույնը, անփոփոխ։ Եթե պետք լիներ, հանգիստ կարող էր երեկ ուրիշ թիրախ վերցնել։ Ասենք՝ պայմանական Հենրիխ Մխիթարյանին։ Նույն խանդավառությամբ կարող էր որակումներ տալ. «ո՞վ է նա. միջինից թույլ ֆուտբոլիստ, մի հատ քննչականը մտնի-պարզի, թե քանի՞ գոլ չի խփել, քանի՞ սխալ պասի համար մեր հավաքականը պարտվեց, ֆուտբոլից ոչինչ չհասկացող, ի՞նչ գործ ունի Իտալիայում, իտալական մաֆիոզ, իսկ հայրը՝ ընդհանրապես ռուսական շպիոն, խաղացել է Խորհրդային Միության տարիներին»։
Հանգիստ կարող էր, չէ՞, նման բաներ ասել։ Ի՞նչ էր հետևելու դրան. մարդկային դեֆոլտի մեջ գտնվող մի 5-6ՔՊ-ական անմիջապես սատարելու էր, մի երկու նախարար կասեին՝ «վարչապետն այդպես բարձրացնում էր սպորտի ոլորտի ռեֆորմների խնդիրը»։
Ի հակակշիռ լինելու էր կոշտ պատասխան, մի քանի նորմալ մարդու զայրացած արձագանք, և տասնյակ հազարավոր ընտանիքներում՝ կատաղության և անհուսության մթնոլորտ. «Էս ի՞նչ ա, ո՞նց կարելի ա, բոլորիս ձեռ ա առնում» և այլն։ Մոտավորապես այնպես, ինչպես միշտ։ Նորմալ մարդկանց ռեակցիան էլ է անփոփոխ, հետևաբար՝ նույնքան անարդյունավետ։
Հետո կյանքը շարունակվելու էր նույն հունով, մինչև հերթական կրկնությունը՝ այլ անուններով, այլ թեմաներով։ Ու մենք ամեն անգամ չունենք կամք՝ փոխելու սցենարը, չխաղալու նրա ֆիլմում, փոխելու մեր պատասխանի, քայլերի և´ բովանդակությունը, և´ մենեջմենթը։
Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ. ավելին, երբ ասում ես՝ սա այլանդակություն է, ասում է՝ 2021-ին ստացել եմ ժողովրդի քվեն։
Որպեսզի այս գռեհիկ սցենարն անվերջ չկրկնվի, փոփոխությունների անհրաժեշտություն կա մեր աշխատանքի, պատկերացումների, մենեջմենթի, հռետորաբանության մեջ։
Վերջին վեց ամիսը քաղաքական շրջանակներում նույն թեման է. «Նիկոլը վարկանիշը շատ ցածր է, ու այս պայմաններում նա ընտրվելու որևէ շանս չունի»։ Սա ճիշտ է, բայց ես բոլորին զգուշացնում էի (և եմ), որ Նիկոլը սրանից անում է մեկ հետևություն՝ փոխել պայմանները։
Սրա մեջ մտնում է ամեն անհանավական ու այլանդակ բան. բռնել, վարկաբեկել, գործեր հարուցել, զրպարտել, արգելել ընտրություններին մասնակցել, ամեն-ամեն ինչ։
Մամուլում լուրեր են տարածում, թե մի խումբ պատգամավորների հանդեպ քրեական գործեր են ուզում հարուցել, մշտապես հետևում են, ձայնագրում, տեսագրում և այլն։ Իհարկե կարող է անել։ Ում ուզի՝ ասելու է գող, կաշառակեր, թուրքի շպիոն, ռուսի շպիոն, ֆրանսիացու շպիոն, չգիտեմինչապիղծ, ինչ վիդեո-ֆոտո-ձայնագրություն կուզեն՝ կանեն, կսարքեն, կհորինեն։ Մանվելի տուշոնկայի բեմադրությունը մուլտֆիլմ է թվալու։
Սահակաշվիլին անում էր բառացիորեն նույնը, և նոր իշխանության առաջին քայլերից մեկը մարդկանց անձնական կյանքը թունավորող տասնյակ հազարավոր ֆայլերի ցուցադրական ոչնչացումն էր, դրանց կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը և Վրաստանում նոր մարդկային բարքեր հայտարարելը։ Սա՝ դաս բոլորին. չի կարելի նկարել, ձայնագրել, թունավորել մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը, չի կարելի սուտ-ուղղորդված մատնություններով քրեական գործեր հարուցել, և շատ բաներ չի կարելի։ Սա չի մոռացվում, սա տոքսիկ է դարձնում պետության մթնոլորտը, և վաղ թե ուշ ծագելու են լուրջ հարցեր։
Մեր անելիքը
Միանշանակ ճիշտ է ձևակերպումը՝ Նիկոլը ուժեղ է միայն որովհետև թույլ են նրա դիմացինները։
Որպեսզի խափանվի յոթնամյա սցենարը, հիմնարար փոփոխությունների պետք է ենթարկվի մերժող հասարակության պայքարի բովանդակությունը։ Լայն հասարակությունը, մենք բոլորս դարձել ենք մենթալ աղբ սպառող հասարակություն, որը չի կարողանում դուրս գալ այս մղձավանջից։
Հասարակությանը պետք է տալ նոր բովանդակություն, մտածելու նոր կոնտենտ, եթե կուզեք՝ երազանք։ Էապես փոխել պայքարի կազմակերպչական բովանդակությունը և կառուցվածքը։ Ու դա անելը լրիվ հնարավոր է։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
–00—ՅՄ