Երկրապահները հայրենիքը փրկելու համար կյանքի գնով անսասան պահեցին հայրենի սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Սասուն Միքայելյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը հանդես է եկել ուղերձով․

23 տարի առաջ այս խորհրդանշական օրը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Երկրապահ կամավորականների միությունում հիմնվեց «Պատանի երկրապահը»:

ՀՀ ԵԿՄ վարչությունը շնորհավորում է Ձեզ, սիրելի՛ պատանի երկրապահներ: Դուք մեր վաղվա օրն եք, մեր գործը շարունակողը: Այսօր մեր պարտքն է սերունդներին փոխանցել այն փորձը, որ կիրառել ենք դարավերջին մեզ պարտադրված պատերազմում` հաղթանակ կերտելու ճանապարհին: Այն գիտելիքներն ու կարողությունները, որի շնորհիվ մենք մինչ օրս անվտանգ ու խաղաղ ենք պահում մեր երկրի սահմանները:

Պատանիների մեջ դեռ մանկուց պետք է սերմանել հայրենասիրության գաղափարը: Թեպետ հայրենասիրությունը չեն սովորեցնում` այն մեզ հետ ծնվում է, բայց պատմությունը թողնում է իր խոր արմատները:

Երկրապահները հայրենիքը փրկելու համար սեփական կյանքի գնով անսասան պահեցին հայրենի սահմանները: Այսօր այդ պատգամը շարունակողներն էլ հենց պատանի սերունդն է, որը պատրաստակամ է:

«Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս եւ ուր է գնալու»,-ասել է Սպարապետը:

Սիրելի’ պատանիներ, դուք վաղվա մեր զինվորներն ու սպաներն եք: Անկախ ձեր ընտրած մասնագիտությունից, դուք այսօր կրթվելով կամավորականի ոգով, վաղը կդառնաք մեր երկրի արժանի զավակը: Իսկ մենք կհպարտանանք ձեր ձեռքբերումներով, հաջողություններով:

Երբեք չընկճվեք, միշտ լինեք հպարտ ու հասնեք ձեր նպատակների իրականացմանը: ԱՊԱԳԱՆ ՁԵՐՆ Է: