Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը 104 տարի առաջ Ազգերի Լիգայի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Screenshot_6

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով 104 տարի առաջ Ազգերի Լիգայի ստեղծմանը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ։

«Հունվար ամիսը նշանավորվում է նաև 104 տարի առաջ Ազգերի Լիգայի ստեղծմամբ։ Այն իրավամբ կարելի է համարել հետպատերազմյան կարգավորումների արդյունք, որն իր մեջ ամփոփում էր նոր ժամանակներից ի վեր քաղաքակիրթ աշխարհում խաղաղության և միջազգային համագործակցության մասին ձևավորված գաղափարների համախումբը՝ նպատակ հետապնդելով համագործակցության միասնական կենտրոնի ձևավորմամբ կանխարգելել տեղային կամ գլոբալ հակամարտությունները։

Թեև Ազգերի լիգան առանձին երկրների ռասիստական ձգտումների պատճառով չկարողացավ պատշաճ կերպով իրագործել իր առաքելությունը, որը տապալվեց Երկրորդ աշխարհամարտի սանձազերծմամբ, այնուհանդերձ դրա ստեղծումը և գործառնման հիմքում ընկած սկզբունքները մեծ կարևորություն ունեն նաև այսօր։

Մասնավորապես մատնանշելի է այն փաստը, որ Ազգերի Լիգային անդամակցում և Լիգայի կողմից դե յուրե ճանաչվում էին այն երկրները, որոնք ունեին հստակ տարածք ու սահմաններ։ Այս հիմքով է Ազգերի Լիգայի «Հինգի կոմիտեն» մերժել Ադրբեջանի անդամակցության հայտը, որովհետև 1918-1920 թթ․ գոյություն ունեցած Ադրբեջանի իբր դեմոկրատական հանրապետությունը հայկական Սյունիքի, Արցախի ու Նախիջևանի նկատմամբ ունեցած հավակնությունների և դրանց հիմքով հրահրված ռազմական գործողությունների պատճառով այդպես էլ չունեցավ վերջնական և հստակ սահմաններ։ Մատնանշելի է նաև այն փաստը, որ 1991 թ․ ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» ակտը հիմնված էր 1918 թ․ մայիսի 28-ին ընդունված անկախության հռչակագրի վրա, որում բացակայում են կոնկրետ սահմանները՝ հետևապես թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե ժխտելի է վերոնշյալ տարածքների երբևէ պատկանելությունը Ադրբեջանին։

Սա ևս մեկ իրավական հանգամանք էր, որն, ի հավելում ազգերի ինքնորոշման անօտարելի իրավունքի և խորհրդային օրենսդրական կարգավորումների, ընկավ Լեռնային Ղարաբաղի հայության սկսած արդարացի պայքարի հիմքում, որին ադրբեջանական թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային իշխանություններն ու վարչակարգերը պատասխանեցին ուժի կիրառմամբ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, այլև պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի՝ հասնելով 1988-1992 թթ․ դրանց ամբողջական հայաթափմանը և ամենայն հայկականի խեղմանն ու ոչնչացմանը։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կրկին հղում է կատարում պատմական անցյալի իրողությունների վերհանման և դրանց օբյեկտիվ արժևորման անհրաժեշտությանը՝ գիտակցելով այն պարզ հանգամանքը, որ միայն պատմական արդարությամբ ընդունված որոշումներն են ի զորու ապահովել երկարատև խաղաղություն ու կայունություն։ Ուստի, կոչ ենք անում ՄԱԿ-ին, որը Ազգերի լիգայի իրավահաջորդն է, և միջազգային այլ հեղինակավոր կառույցների ու իրավարար կազմակերպություններին հետամուտ լինել արդարացի որոշումների կայացմանը։ Մասնավորապես անաչառ գնահատականներ տալ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայաթափմանը, 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտմանն ու ներդնել համապատասխան մեխանիզմներ դրանց հետևանքների շուտափույթ վերացման և ապագայում նման իրողությունների կանխման համար։

--00—ՅՄ