Ինձ ոչ ոք չի հեռացրել, ես եմ դիմում գրել. Լոռու նախկին մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

լոռ

Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել, ինձ ոչ ոք չի հեռացրել, պարզապես այդպես որոշեցի: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, որն այսօր ազատվել է մարզպետի պաշտոնից:

«Ընտանիքիս հետ եմ քննարկել նաև և եկել այդ եզրահանգմանը, որ   հեռանամ մարզպետի պաշտոնից»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Հարցին, թե ազատման դիմում գրելը որևէ կերպ կապված չէ՞ր երեկ` Փաշինյանի այցով Լոռու մարզ, որտեղ էլ բազում խնդիրներ էր արձանագրել վարչապետը և դժգոհ էր իրականացված աշխատանքներից, Խաչատրյանը կտրականապես հերքեց. «Որևիցե խնդիր չունեմ վարչապետի հետ: Օգտվելով առիթից՝  շնորհակալություն եմ հայտնում վարչապետին` ինձ այդ պաշտոնը վստահելու և այսքան տարիների համագործակցության համար: Ես մեծ սիրով ու նվիրումով եմ աշխատել»:

Խաչատրյանը նաև նշեց, որ նոր աշխատանքի անցնելու մասին դեռևս չի մտածում, այս պահին հանգստի է անցնում, իսկ թե որտեղ  կանցնի աշխատանքի` ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը  Լոռու մարզի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերի 17-ից:

Մերի Մանուկյան

--00--ԼՀ