Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության. Փարիզի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Հայաստանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն հայտարարել է, որ այստեղ են, քանի որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը դիմել է իրենց և նշել, որ ժամանակն է միավորվել և գործել, որպեսզի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրվի։

«Համախմբման շնորհիվ կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են պարենային սնունդ, գեներատորներ, արևային պանելներ, այսինքն, այն ամենը, ինչը հնարավարություն կտա դիմադրել: Այս մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբերից արդեն շրջափակման մեջ են»,-ասել է նա:

Հիդալգոն նշել է, որ իրենց կոչը հստակ է՝ հարգել միջազգային իրավունքը․ «Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է գտնվում անկախ իրենց կամքից, և այդ շրջափակումն իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը, 2020 թվականի հրադադարի հայտարարությունը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձոր է ուղևորվել օգոստոսի 9-ին, իսկ արդեն այսօր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այցելել է Հայաստան՝ ֆրանսիական կողմի մարդասիրական բեռով շարասյանն ուղեկցելու նպատակով:

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ