Ընտրությունների անկախ դիտարկում իրականացնելու համար ՄԻՊ գրասենյակում աշխատանքային խումբ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

48693909_17_97_1350_847_1920x0_80_0_0_53e0ace0a0e24f20d2bb63fd3d2959e4

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների  պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատակազմի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ։

Աշխատանքային խումբը մշտադիտարկման եղանակով կուսումնասիրի ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում՝ դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հրապարակումները։ Խումբը կապահովի նաև գրավոր և բանավոր, այդ թվում՝ թեժ գիծ և այլ հեռախոսահամարներով ստացած դիմումների ու բողոքների պատշաճ քննարկում։

Աշխատանքային խումբը կհամագործակցի ընտրական գործընթացի դիտարկում իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաև իրավախորհրդատվության, քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև արագ արձագանքման այցերի համար:

Պաշտպանի աշխատակազմը, իր հաստատված գործելաոճին համապատասխան, ընտրության օրն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետևելով և արձագանքելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ:

--00—ՅՄ