ԱՄՆ Սենատում Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին կոչ են արել ճնշում գործադրել Ալիևի վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

սենատ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահի վրա։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես փրկօղակ է ծառայել Լեռնային Ղարաբաղի համար։ Այնուհետև Ադրբեջանը կտրեց կենսական նշանակության սննդի և դեղամիջոցների այս վերջին աղբյուրը: Ավելի քան 7 ամիս է անցել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից, այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա», - գրված է հաղորդագրությունում։ 

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավելել է, որ մարդկային կյանքերը վտանգված են։

Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը․ սկզբնական շրջանում դա արվել էր բնապահպանական կեղծ ակցիայի միջոցով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց այնտեղ՝ արգելափակելով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը։ Մինչև 2023 թվականի հունիսի 15-ը միջանցքով սահմանափակ քանակով մատակարարումներ, այնուամենայնիվ, իրականացվում էին ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, սակայն հունիսի 15-ից հետո Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղը զրկվել է հումանիտար մատակարարումներից, այնտեղ կա սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի պակաս։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկել է նաև գազից և էլեկտրաէներգիայից։ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը իրենց հայտարարություններում բազմիցս ահազանգել են, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։

--00—ԼՀ