Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին ԵՄ առաքելության իրագործմանն աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Ապրիլի 4-ին Բուխարեստում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքից։

Զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ երկար ընդմիջումից հետո ԱԳ նախարարի մակարդակով կազմակերպված պաշտոնական այցը կարող է այդ ուղղությամբ կարևոր խթան հանդիսանալ:

Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Հայաստան-Ռումինիա միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևաչափը:

Մտքեր են փոխանակվել ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակության շուրջ:

Բարձր է գնահատվել ինչպես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և զարգացման օրակարգին ԵՄ աջակցությունը, այնպել էլ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին առաքելության իրագործմանն աջակցություն ցուցաբերելու համար։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Նիկոլաե Չուկան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի վարչապետին է ներայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այլ դրույթների կոպտագույն խախտումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ արգրեսիաներն ու առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը:

Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը և բոլոր խնդիրները խաղաղության գործընթացի միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:

--00—ՅՄ