Ալենն ու Նիկոլը պետք է հասկանան, որ իրենց ով լինելը հիշեցնող քաղաքացիներ լինելու են. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Կասկադում Ալեն Սիմոնյանի հետ կապված վերջին միջադեպը հերթական խուլիգանությունն էր իշխանության ներկայացուցչի կողմից։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Երեկ իրեն փորձում էր ներկայացնել որպես Երևանի լավ տղա, բայց որքան գիտեմ լավ տղերքը նման պահվածք չեն դրսևորում։ Մի պահ թող պատկերացնեն, թե ինչ է սպասվում իրենց, երբ առանց թիկնապահների լինեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ինչպես հայտնել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Մամիջանյանը եւ Ասպրամ Կրպեյանը Կասկադում մի երիասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է դավաճան, ինչից հետո ԱԺ նախագահի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ վերջինս հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին:

Պատգամավորը նաև ավելացրեց, որ Ալեն Սիմոնյանը երեկ հոխորտաց, իսկ այսօր զոհի կարգավիճակով է փորձում հանդես գալիս։ «Իրենք պետք է հասկանան, որ լինի Երևանի կենտրոնում, թե ՀՀ որևէ գյուղում գտնվելու են արժանապատիվ քաղաքացիներ, որ հիշեցնելու են իրենց ով լինելը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է նույն խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու միջադեպին, ապա Իշխան Սաղաթելյանն ասաց, որ օրենքը ՀՀ-ում երկակի է կիրառվում։ «Իշխանության ներկայացուցիչների կողմից ունեցել ենք խուլիգանական բազմաթիվ դրսևորումներ, իրավապահ մարմինները անգործություն են ցուցաբերել, տեսախցիկներն էլ կորել են, իսկ դեպքում հայտնվեցին ՀԺ-ում։ Էսօր իրավական համակարգ ունենայինք, Ալենն ու Նիկոլը կհայտնվեին բանտում»,-ասաց նա։

--00—ՅՄ