Լաչինի ռենտգեն սարքերը պետք է վերահսկի ՌԴ-ն, ոչ թե Բաքուն, հակառակ դեպքում՝ առևանգման կետեր կդառնան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Բաքուն անընդհատ թեզեր է շրջանառության մեջ դնում, որոնք չեն համապատասխանում իրականությանը, չի բացառվում, որ Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ադրբեջանցի բանագնաց Ռամին Մամեդովը կամ մյուսները խոսել են Արցախի ինտեգրման, Ադրբեջանի կազմ մտնելու մասին, բայց նման առաջարկները հայկական կողմից բեկանվում են, մենք ասում ենք, որ այդ հարցը չի քննարկվում, հավաքվել ենք խոսելու ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական և մարդասիրական հարցեր: Սա հավաքական մոտեցում է՝ ժողովուրդն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով օրեր առաջ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո Բաքվի այն հայտարարությանը, որ հանդիպմանը քննարկվել է արցախահայերին Ադրբեջանի կազմ ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

Բաբայանի խոսքով, Բաքվի հետ մի քանի անհաջող հանդիպումներից չպետք է գայթակղվել, քանի որ չերկխոսելու այլընտրանք չկա: «Քննարկումներն ընթանում են գազի, էլեկտրաէներգիայի վերականգնման շուրջ, քաղաքական բանակցությունների հարցում պետք է զգույշ լինել: Ադրբեջանն ուզում է բանակցությունները վերածել ներադրբեջանական երկխոսության՝ քանդելով միջազգայնորեն ընդունված Արցախի այն կարգավիճակը, որը դիտարկում է Արցախը որպես բանակցությունների և հակամարտության կողմ, ինչը ընդունվել է 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովին, իսկ 1995-ին մի քանի անգամ վերահաստատվել է: Բանակցություններում պետք է լինի ռուսական կողմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, որովհետև սա միջազգային խնդիր է»,- ընդգծեց Բաբայանը:

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ քննարկվում է Լաչինի միջանցքում տեսահսկող՝ ռենտգեն սարքեր դնելու հարցը, որը պետք է վերահսկի դեպի Արցախ գնացող և եկող բեռնատար մեքենաները, Դավիթ Բաբայանը նշեց, որ եթե սարքավորումներ դրվեն միջանցքում, դրանք բացառապես պետք է լինեն ռուս խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո, չպետք է Ադրբեջանն այն վերահսկի: «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում էլ ասել է, որ Բերձորի միջանցքում այլ սուբյեկտ չի կարող լինել, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո և չի ազդելու մարդկանց տեղաշարժի վրա: Անհնարին է, որ այդ տարածքում ադրբեջանական հսկիչ կետեր տեղակայվեն, դրանք չեն լինելու հսկիչ կետեր, այլ՝ առևանգման կետեր: ԽՍՀՄ-ի ժամանակ տեսել ենք, թե ինչ վայրագություններ են եղել, հիմա ո՞վ է զսպելու Բաքվին, 2020-ի պայմանագիրը պետք է անվերապահորեն կատարվի: Կարծում եմ, այդ սարքերը Արցախին վտանգ չեն ներկայացնի, հակառակը՝ կապահովեն խաղաղություն»,- նշեց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ