Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին ինձ վստահելու համար. Համբարձում Մաթեւոսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Ինչպես փոխվարչապետի պաշտոնն եմ ստանձնել ամենայն պատասխանատվությամբ, այնպես էլ հետագայում՝ ցանկացած կարգավիճակում, անելու եմ առավելագույնը` հնարավորություններիս սահմաններում նպաստելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի´ գործընկերներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Շնորհակալություն եմ հայտնում օրենսդիր և գործադիր մարմինների, պետական և միջազգային կառույցների բոլոր գործընկերներիս` արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար, շնորհակալ եմ իմ գրասենյակի աշխատակիցներին` իրենց ամենօրյա նվիրումի և բարդ աշխատանքի համար:

Ինչպես փոխվարչապետի պաշտոնն եմ ստանձնել ամենայն պատասխանատվությամբ, այնպես էլ հետագայում՝ ցանկացած կարգավիճակում, անելու եմ առավելագույնը` հնարավորություններիս սահմաններում նպաստելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին։

Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ինձ վստահելու և երկրիս ծառայելու պատվին արժանացնելու  համար:

Խաղաղություն, սեր և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին»,- նշել է նա:

--00--ԱՀ